Թրիլլեր «Էթիհադում». Տոտենհեմը շոկի ենթարկեց Սիթին` հաղթելով վերջինիս🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Հանդիպումը, կարելի է ասել, անակնկալ մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 4-րդ րոպեին հյուրերը Դեյան Կուլուսևսկիի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
Նշենք, որ շվեդ հարձակվողը լոնդոնյան ակումբի շարքերը համալրելուց հետո խփեց առաջին գոլը։
Բաց թողած գոլից անմիջապես հետո Պեպ Գվարդիոլայի թիմը տիրեց նախաձեռնությանն ու մեծ առավելություն ուներ, ինչն էլ նպաստեց, որ 33-րդ րոպեին Իլկայ Գյունդողանը, օգտվելով «խցանների» դարպասապահ Ուգո Լյորիսի թույլ տված սխալից, խփեց պատասխան գնդակն ու հավասարեցրեց հաշիվը։
Առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով։
Երկորդ կեսի մեկնարկում պատմությունը կրկնվեց. «խցանները» 56-րդ րոպեին կրկին առաջ անցան հաշվի մեջ, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց Հարի Քեյնը։
Երկրորդ բաց թողած գոլից հետո «քաղաքաբնակները» շարունակեցին էլ ավելի մեծ թափով գրոհել. վտանգավոր գրոհների շարքերը հաճախ հաջորդում էին մեկը մյուսին, սակայն հյուրերը հերոսաբար պաշտպանվում էին։
Այդուհանդերձ, նույնիսկ այդ մեծ առավելությունը Գվարդիոլայի սաները չէին կարողանում վերածել դարպասի գրավման։
Ամեն դեպքում, 90-րդ րոպեին լոնդոնյան ակումբի կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, 11-մետրանոց նշանակեց «Տոտենհեմի» դարպասին։
Գնդակին մոտեցավ Ռիյադ Մարեզը, ով անկասելի հարվածով հավասարեցրեց հաշիվը` այն դարձնելով 2:2։
Թվում էր` վերջ. «Սիթին» փրկեց հանդիպումը, որը կավարտվի 2:2 հաշվով, սակայն Անտոնիո Կոնտեի սաները բացարձակ համաձայն չէին իրադարձությունների նման զարգացման հետ, ովքեր 90+5-րդ րոպեին ևս մեկ գոլային գրոհ զարգացրին ու կորզեցին հաղթանակ։
«Խցանների» հաղթական գնդակը խփեց Հարի Քեյնը` դառնալով դուբլի հեղինակ։
Այսպիսով, «Տոտենհեմը» թրիլլերային խաղում 3:2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», ինչից հետո վաստակեց 39 միավոր` բարձրանալով 7-րդ հորիզոնական։
«Մանչեսթեր Սիթին» մնաց 63 միավորով և շարունակում է գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։
Նշենք, որ ընդհատվեց «քաղաքաբնակների» անպարտելի հանդիպումների շարքը, որը բաղկացած էր 13 հանդիպումներից։
«Սիթին» վերջին անգամ պաշտոնական խաղերում պարտվել էր 2021 թ. դեկտեմբերի 7-ին, երբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում 1:2 հաշվով զիջեց «Լայպցիգին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Դեյան Կուլուսևսկի, Էնթոնի Թեյլոր, Իլկայ Գյունդողան, Հարի Քեյն, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ռիյադ Մարեզ, Տոտենհեմ