Թրիլլեր Դորտմունդում. Բորուսիան գերգոլառատ խաղում պարտվեց Բոխումին🎥
Գերմանական Բուբդեսլիգայի 32-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Բոխումի» դեմ։
Հյուրերը պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «դեղինների» համար, քանի որ արդեն 8-րդ րոպեին հաղթում էին երկու գնդակի առավելությամբ. աչքի ընկան Սեբաստիան Պոլտերն ու Գերիթ Հոլթմանը։
Այդուհանդերձ, նախքան ընդմիջման գնալն Էրլինգ Հալանդը երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու վերականանգնեց հաշվի հավասարակշռությունը։
Կողմերն ընդմիջման գնացին 2:2 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսն էլ ավելի դրամատիկ սցենարով անցավ։
62-րդ րոպեին Հալանդն առաջ մղեց արդեն «Բորուսիային», իսկ ինքը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Նշենք, որ 21-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 21-ի ու լավագույն ռմբարկուների պայքարկում 2-3-րդ հորիզոնականները կիսում է Պատրիկ Շիկի («Բայեր») հետ։
Թվում էր` բաց թողած երրորդ գոլը թևաթափ կանի «Բոխումի» ֆուտբոլիստներին, սակայն նրանք չհանձնվեցին ու ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև հաղթանակ կորզեցին։
Նախ 81-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Յուրգեն Լոկադիան, ապա 85-րդ րոպեին Միլոշ Պանտովիչը դիպուկ իրացրեց այս հանդիպման երրորդ 11-մետրանոցը։
Այսպիսով, «Բոխումը» թրիլլերային պայքարում ընթացած խաղում հաղթեց 4:3 հաշվով, վաստակեց 39 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Մարկո Ռոզեի թիմը, 63 միավորով, 2-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոխում, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Գերիթ Հոլթման, Էրլինգ Հալանդ, Մարկո Ռոզե, Միլոշ Պանտովիչ, Յուրգեն Լոկադիա, Սեբաստիան Պոլտեր