Թրիլեր «Էնֆիլդում». «Լիվերպուլը» կրկին հաղթանակ կորզեց ավելացրած ժամանակում 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում 3:2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»։
Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ նախ 4-րդ րոպեին հաշիվը բացեց Էնդրյու Ռոբերտսոնը, ապա` 6-րդ րոպեին Մոհամեդ Սալահը կրկնապատկեց մերսիսայդյան գրանդի առավելությունը։
Թվում էր, թե Արնե Սլոթի գլխավորած թիմը հեշտ հաղթանակ կտանի, բայց հյուրերը չընկճվեցին ու կարողացան հետագայում Մարկոս Լյորենտեի դուբլի շնորհիվ վերականգնել հաշվի հավասարակշռությունը։
Այդուհանդերձ, «Լիվերպուլն» ընթացիկ մրցաշրջանում արդեն որերորդ անգամ հաղթանակ կորզեց մրցավարի ավելացրած ժամանակում. 90+2-րդ րոպեին հերոսացավ թիմի ավագ Վիրջիլ վան Դեյկը։
«Լիվերպուլը» մրցաշարի երկրորդ տուրում կմրցի «Գալաթասարայի», իսկ «Ատլետիկոն»` «Այնտրախտի» դեմ։