Թրիլեր Ա սերիայում. «Ինտերն» ու «Նապոլին» չհաղթեցին նախավերջին խաղում 🎥
Իտալիայի Ա սերիայում կայացել են նախավերջին` 37-րդ տուրի հանդիպումները. առաջատար «Նապոլին» մրցակցի դաշտում մրցել է «Պարմայի» դեմ։
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն իներտ հանդիպում է անցկացրել ու չի կարողացել կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվել է 0:0 հաշիվը։
«Նապոլին» երկրորդ խաղում անընդմեջ միավորներ է կորցրել. նախորդ տուրում «աձուրին» տանը չէր հաղթել «Ջենոային» (2:2)։
Մրցակցի սայթաքումից չի կարողացել օգտվել «Ինտերն» ու վերջին տուրից առաջ գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Միլանյան գրանդը «Ջուզեպե Մեացա» ստադիոնում մրցել է «Լացիոյի» դեմ։ Գոլառատ խաղում կողմերը ոչ-ոքի են գրանցել` 2:2։
Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմին 45+2-րդ րոպեին առաջ է մղել Յան Բիսեկը։ 72-րդ րոպեին հյուրերից հաշիվը հավասարեցրել է Պեդրոն, սակայն 79-րդ րոպեին Դենզել Դումֆրիսը կրկին առաջ է մղել «Ինտերին»։
Թվում էր, թե «ներաձուրին» կկորզի այդքան ցանկալի հաղթանակը, սակայն 87-րդ րոպեին Յան Բիսեկը սեփական տուգանային հրապարակում ձեռքով է խաղացել։ Գլխավոր մրցավար Դանիելե Քիֆին դիտել է դրվագն ու 11-մետրանոց նշանակել «Լացիոյի» օգտին։
Նշակետին մոտեցած 37-ամյա Պեդրոն դուբլ է գրանցել ու փրկել իր թիմին պարտությունից։
«Ինտերից» հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 90+1-րդ րոպեին։
«Նապոլին» 79 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ինտերը» երկրորդն է և ունի 78 միավոր։ «Լացիոն» 65 միավորով 6-րդն է, «Պարման»` 33 միավորով 16-րդը։
Վերջին տուրում «Նապոլին» սեփական դաշտում կհանդիպի «Կալյարիին», «Ինտերը» հյուրընկալվելիս կմրցի «Կոմոյի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից