Թոփ տրանսֆերներ, որոնք կարող են կայանալ այս ձմռանը
2020 թվականի հետ մեկտեղ եկավ նաև տրանսֆերների ժամանակահատվածը։ Ինչպես գիտենք` հունվարի 1-ին բացվում է ձմեռային տրանսֆերային պատուհանը։ Ակումբները սկսում են ակտիվանալ՝ փորձելով գտնել հարմար տարբերակներ վիճահարույց դիրքերն ուժեղացնելու համար։ Արդեն 2 տարի է չի գործում այն արգելքը, որ եթե ֆուտբոլիստը աշնանային հատվածում որևէ թիմի կազմում մասնակցում էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, գարնանը մեկ այլ թիմի կազմում իրավունք չուներ մասնակցել մրցաշարին։ Այս արգելքի հանումը թույլ է տալիս թիմերին հանգիստ թոփ տրանսֆերներ կատարել նաև ձմռանը։ Մեր ընթերցողների համար առանձնացրել ենք մի շարք հավանական թոփ տրանսֆերներ, որոնք, սպասվում է, որ կկայանան արդեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Իսկ ավելի մանրամասն կծանոթանանք միասին։ Գնացինք։
Ջեյդոն Սանչո «Բորուսիա Դորտմունդ» -> «Չելսի»
Անգլիացի 19-ամյա վինգերի շուրջ չեն դադարում խոսակցությունները։ Այս տղայի տրանսֆերային արժեքը աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Ներկա պահին, ըստ transfermarkt.com-ի, խաղացողի տրանսֆերը ներկա գնահատվում է 120 մլն եվրո, ինչն աշխարհում ամենաբարձրներից մեկն է։ Ինչպես գիտենք՝ «Չելսիի» վրայից հանվել է տրանսֆերային արգելքը, ինչը հնարավորություն է տալիս Ֆրենկ Լեմպարդին ծախսել Ռոման Աբրամովիչի փողերը։ Էդեն Ազարի հեռանալուց հետո, լոնդոնյան ակումբն ունի Սանչոյի նման խաղացողի կարիք, ով երկար տարիներով կարող է լուծել հարձակման եզրերի խնդիրը։ Բացի նրանից, որ Սանչոն հիանալի խաղում է հարձակման տարբեր օղակներում, նա հինալաի տեխնիկայի է տիրապետում, ֆիզիկակաական ներուժն էլ կարծես թե տեղն է։ «Ազնվականները» ակտիվորեն հետևում են խաղացողի շուրջ զարգացումներին և կփորձեն նրան փախցնել մյուս գրանդ ակումբների ձեռքից։
Տրանսֆերի հավանականությունը՝ 20%
Ջեյմս Մեդիսոն «Լեսթեր» -> «Մանչեսթեր Յունայթեդ»
Եվս մեկ անգլիացի երիտասարդ խաղացող, ում խաղը գրավել է շատ եվրոպական գրանդ ակումբների ուշադրությունը։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է մեծ գումարներ ծախսել 23-ամյա երիտասարդ փլեյմեյքերի տրանսֆերի վրա։ Օլե-Գունար Սուլշերը ակնհայտ խնդիրներ ունի խաղ կառուցելու հարցում, քանի որ Պոլ Պոգբան տարօրինակ վնասվածքներ է ստանում, իսկ Ջեսի Լինգարդն ավելի քան մեկ տարի է ինչ աչքի չի ընկել որևէ արդյունավետ գործողությամբ, և միանշանակ թիմն ունի Մեդիսոնի որակների տեր խաղացողի կարիք։ Ուշադրության է նաև արժանի այն փաստը, որ Մեդիսոնի տրանսֆերը «կարմիր սատանաների» համար երկար տարիներով կլուծի նաև ստանդարտ դիրքերի իրացման հարցը։ Կարճ ասած՝ «ՄՅՈՒ»-ն ներկա պահին 23-ամյա խաղացողի համար իդեալական տարբերակ է։ «Յունայթեդի» ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է խաղացողի նկատմամբ իր հետաքրքրության մասին։ Transfermarkt.com-ը խաղացողի տրանսֆերը ներկա պահին գնահատում է 60 մլն եվրո, սակայն տրանսֆերը կայանալու դեպքում խաղացողի արժեքը կարող է շատ ավելի թանկ լինել։
Տրանսֆերի հավանականությունը՝ 50 %
Էդինսոն Կավանի ՊՍԺ -> «Ատլետիկո Մադրիդ»
«Հնդկացիների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն փորձում է գտնել Ալվարո Մորատայի համար խաղընկեր, ով կհամագործակցի նրա հետ հարձակման գծում։ Ներկա պահին արգենտինացի մասնագետն ընթացիկ մրցաշրջանում այդ դիրքում օգտագործել է թե՛ Դիեգո Կոստային, թե՛ Անխել Կոռեային և թե՛ Ժոաո Ֆելիշին, սակայն այս երեք խաղացողներից ոչ ոք չի արդարացրել սպասելիքները, այդ պատճառով էլ «Ատլետիկոյի» ղեկավարությունը փորձում է օգտվել այն առիթից, որ 32-ամյա հարձակվողը կորցրել է իր տեղը ՊՍԺ-ի մեկնարկային կազմում, իսկ նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս ամռանը։ «Իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն տեղեկացնում է, որ խաղացողն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ, սակայն ներկա պահին ՊՍԺ-ն ձմռանը չի ցանկանում բաց թողնել իր խաղացողին։ «Ատլետիկոն» խաղացողին ցանկանում է ստանալ այս ձմռանը և տրանսֆերի համար պատրաստ է վճարել մոտ 30 մլն եվրո։
Տրանսֆերի հավանականությունը՝ 80%
Դայո Ուպամեկանո «Լայպցիգ» -> «Արսենալ»
Միկել Արտետայի գալով՝ «Արսենալը» կրկին իր «հրանոթներն» ուղղել է գերմանական շուկա։ «Զինագործները» ակնհայտ խնդիրներ ունեն պաշտպանության կենտրոնում և իրենց կազմը ցանկանում են ուժեղացնել ֆրանսիական ֆուտբոլի ամենախոստումնալից խաղացողներից մեկով, ում տրանսֆերը transfermarkt.com-ը գնահատում է 50 մլն եվրո։ Երեկ հայտնի դարձավ, որ լոնդոնյան ակումբի կենտրոնական պաշտպաններից Կալում Չեմբերսը վնասվածքի պատճառով բաց է թողնելու 6-9 ամիս, ինչը կստիպի ակումբին ավելի արագացնել այս տրանսֆերը, քանի որ ակնհայտ է, որ ո՛չ Դավիդ Լուիսը, ո՛չ Շկոդրան Մուստաֆին և ո՛չ էլ Սոկրատիսը չեն կարողանում փակել պաշտպանության բացերը։
Տրանսֆերի հավանականությունը՝ 40 %
Քրիստիան Էրիկսեն «Տոտենհեմ» -> «Ինտեր»
Դանիացի 27-ամյա կիսապաշտպանի կարիերան կարող է անսպասելի շարունակություն ունենալ։ Էրիկսենն ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում կորցրել է իր տեղը մեկնարկային կազմում և ակնհայտ ցույց է տալիս, որ չի ցանկանում այլևս կարիերան շարունակել լոնդոնյան ակումբի կազմում։ Ինչպես գիտենք` Էրիկսենի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ավարտվում է 2020 թվականի հունիսին։ Երեկ հայտնի դարձավ, որ «Ինտերը» կապնվել է խաղացողի ներկայացուցիչների հետ՝ փորձելով առաջ անցնել մյուս թիմերից, որոնք հետաքրքրված են խաղացողի ծառայություններով։ Անտոնիո Կոնտեն փորձում է ստեղծել իդեալական կիսապաշտպանական եռյակ՝ Նիկոլո Բարելա-Ստեֆանո Սենսի-Քրիստիան Էրիկսեն։ Այլ հարց է, թե այս տրանսֆերը կկայանա այս ձմռանը, թե ամռանը, սակայն, ըստ երևույթին, թիմերը տրանսֆերի մասին կհայտարարեն հիմա, իսկ խաղացողը միալանյան ակումբ կհամալրի ամռանը՝ որպես ազատ գործակալ։
Տրանսֆերի հավանականությունը՝ 60 %
Ադրիեն Ռաբիո «Յուվենտուս» -> «Էվերտոն»/«Արսենալ»/«Տոտենհեմ»
Ա՜խ այս կամակոր «մամայի բալան»։ 24-ամյա խաղացողը «վարի է» տալիս կարիերան իր մոր ամբիցիաների և ցանկությունների պատճառով։ ՊՍԺ-ում մեկնարկային կազմում տեղը կորցրեց, ամեն ինչ արեց, որպեսզի տեղափոխվի «Յուվենտուս», թուրինյան ակումբից 10-մլնանոց պայմանագիր «պոկեց», իսկ այժմ «ծեր սինյորան» պատրաստ է 25 մլն եվրոյի դիմաց բաժանվել կամակոր երեխայից, քանի որ խաղացողը բացարձակ կապ չունի Մաուրիցիո Սարիի խաղային մոդելի հետ։ Ըստ շշուկների՝ խաղացողի տրանսֆերին հավակնում են անգլիական երեք ակումբ, որոնք ցանականում են ուժեղացնել դաշտի կենտրոնը։ Դժվար է ասել, թե որ ակումբի կազմում կշարունակի հանդես գալ ֆրանսիացի կիսապաշտպանը, սակայն իր խաղամակարդակով ավելի համապատասխանում է Կառլո Անչելոտիի խաղային ձեռագրին։
Տրանսֆերի հավանականությունը դեպի «Էվերտոն»՝ 30%, դեպի «Արսենալ»՝ 25%, դեպի «Տոտենհեմ»՝ 25%
Արթուրո Վիդալ «Բարսելոնա» -> «Ինտեր»
Չիլիացի խաղացողն իդեալական կիսապաշտպան է Անտոնիո Կոնտեի մարտավարության համար։ 32-ամյա չիլիացին Ա սերիայում խաղալու փորձ արդեն ունի, իսկ այն փաստը, որ կիսապաշտպանը կատալոնական ակումբում դժգոհ է իր խաղային պրակտիկայից, այս տրանսֆերի հավանականությունը ավելի է մեծացնում։ Չնայած միլանյան ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում նաև Քրիստիան Էրիկսենի նկատմամբ, սակայն ակումբի ղեկավարությունը բազմիցս նշել է, որ իրենց տրանսֆերային գլխավոր նպատակը հենց Վիդալն է։ Խաղացողի տրանսֆերը դեպի «Ինտեր» ավելի հավանական է դարձնում նաև այն փաստը, որ խաղացողի ու «Բարսելոնայի» միջև ֆինանսական սկանդալ է հասունանում։ Ըստ խաղացողի՝ կատալոնական ակումբը չի կատարել պայմանագրում նշված որոշ կետեր՝ չվճարելով աշխատավարձի մի մասը։ «Ինտերը» պատրաստ է խաղացողի համար վճարել 12 մլն եվրո, սակայն կատալոնացիները պահանջում են 20։ Սակայն, ամեն դեպքում, այս տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենահավանական տրանսֆերներից մեկը կարելի է համարել։
Տրանսֆերի հավանականությունը՝ 85%
Բեն Չիլվել «Լեսթեր» -> «Չելսի»/«Մանչեսթեր Սիթի»
«Աղվեսների» ձախ եզրային պաշտպանի՝ ընթացիկ մրցաշրջանում ցույց տված գրագետ խաղը ստիպում է թե՛ «Չելսիին», թե «քաղաքաբնակներին» լուրջ գումարներ ներդնել այս տրանսֆերի համար։ Չիլվելը քիչ-քիչ վերածվում է թոփ պաշտպանի, ով կարող է ուժեղացնել ցանկացած գրանդ ակումբ, սակայն վերջերս կայացած «Մանչեսթեր Սիթի» 3։1 «Լեսթեր» հանդիպման ժամանակ Ռիյադ Մարեզը մի քանի անգամ մեկը մեկի դիմաց մենապայքարում շրջանցեց պաշտպանին, ինչը թույլ կտա որոշ ակումբների, կոպիտ ասած, գին գցել միայն այդ խաղի պատճառով, որովհետև 23-ամյա պաշտպանն ակնհայտ թույլ խաղ անցկացրեց։ Սակայն, առաջընթաց չի գրանցում այն մարդն, ով չի սխալվում։ «Սիթին» ու «Չելսին» խնդիրներ ունեն պաշտպանության ձախ թևում։ Պեպ Գվարդիոլան այդ դիրքի համար ունի 3 խաղացող, սակայն նրանից ոչ ոք չի արդարացնում մասնագետի սպասելիքները, իսկ «ազնվականների» կազմում հանդես եկող Մարկոս Ալոնսոն և Էմերսոնը, հավանական է, որ կհեռանան ակումբից։ Ներկա պահին խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 50 մլն եվրո, սակայն, ինչպես գիտենք, երբ անգլիական թիմերը ներքին շուկայում խաղացող են վաճառում, տրանսֆերը շատ ավելի թանկ է լինում։
Տրանսֆերի հավանականությունը դեպի «Չելսի»՝ 50%, դեպի «Սիթի»՝ 50%
Չալգար Սոյունջու «Լեսթեր» -> «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղացողին կարելի է համարել ողջ անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի բացահայտումը։ 23-ամյա կենտրոնական պաշտպանը հիանալի փոխարինում է նախորդ ամռանը ակումբից հեռացած Հարի Մագուայերին։ Իսկ ընդհանրապես «Լեսթերի» պաշտպանության հիանալի խաղը պարզապես աչք է ծակում։ Թուրք կենտրոնական պաշտպանը ոչ միայն աչքի է ընկնում հիանալի դիրքային խաղով, այլև ունի փայլուն արագություն։ Զարմանալի է, բայց հենց Սոյունջուն է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի ամենաարագավազ ֆուտբոլիստը, ով խաղերից մեկի ժամանակ զարգացրել է 37․49 կմ/ժ արագություն։ «Մանչեսթեր Սիթին» ընթացիկ մրցաշրջանում բազմաթիվ խնդիրներ ունի պաշտպանության կենտրոնում, իսկ Սոյունջուն հիանալի կարող է լուծել այդ խնդիրը։ Եթե «քաղաքաբնակները» ցանկանում են երկար մնալ Չեմպիոնների լիգայում, ապա պետք է իրականացնեն այս տրանսֆերը։ Նշենք, որ խաղացողի արժեքը 4 ամսում կրկնապատկվել է` 20 մլն եվրոյից հասնելով 40։
Տրանսֆերի հավանականությունը՝ 40 %
Պակո Ալկասեր «Բորուսիա Դորտմունդ» -> «Ատլետիկո Մադրիդ»
Էրլինգ Հալանդի «Բորուսիա» ժամանումով՝ քիչ է հավանական, որ Պակո Ալկասերը կրկին կլինի դորտմունդցիների առաջին կենտրոնական հարձակվողը հատկապես, որ իսպանացի խաղացողը բավականին շատ է վնասվածքներ ստանում։ Ինչպես վերևում նշեցինք, Դիեգո Սիմեոնեն փորձում է Ալվարո Մորատայի համար իդեալական խաղընկեր գտնել հարձակման գծում, իսկ Ալկասերը կարող է հիանալի համագործակցել Մորատայի հետ, քանի որ միմյանց ծանոթ են նաև հավաքականից։ Ալկասերը, տեղափոխվելով «Բորուսիա», կտրուկ ավելացրեց և ներկա պահին գերմանական ակումբը պատրաստ է 40-45 մլն եվրոյի դիմաց բաժանվել խաղացողից։
Տրանսֆերի հավանականությունը՝ 45%
Վիլֆրիդ Զահա «Քրիստալ Փելես» -> «Չելսի»
Ֆրենկ Լեմպարդը ակնհայտ հասկանում է, որ ներկա պահին երիտասարդ խաղացողների հետ չի կարող լուրջ հաջողությունների հասնել, այդ իսկ պատճառով էլ ցանկանում է ավելի փորձառու խաղացողների միջոցով խորացնել պահեստայինների նստարանը։ Զահան ԱՊԼ-ի լավագույն տեխնիկա խաղացողներից մեկն է, ով միանշանակ կուժեղացնի «ազնվականների» կազմը հատկապես իր ոչ ստանդարտ գործողություններով։ Վերջերս բավականին շատացան խոսակցությունները, որ հենց այս ձմռանը «Չելսին» անելու է ամեն ինչ 27-ամյա վինգերին ձեռք բերելու համար, ում տրանսֆերը ներկա պահին գնահատվում է 55 մլն եվրո։
Տրանսֆերի հավանականությունը` 55%
Ստեֆանո Սենսի «Ինտեր» -> «Բարսելոնա»
Կատալոնական ակումբը ցանկանում է առիթից օգտվել այն փաստից, որ միալանյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Արթուրո Վիդալին և ցանկանում է «Ինտերից» փախցնել երիտասարդ տաղանդավոր կիսապաշտպանին։ Ըստ երևույթին՝ կատալոնական ակումբը ցանկանում է փոխանակում կատարել՝ վճարելով մոտ 30 մլն եվրո տրանսֆերի դիմաց։ Խաղացողին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ կատալոնական ակումբի ներկայացուցիչները մի քանի անգամ կապվել են Սենսիի հարազատների հետ՝ փորձելով համոզել նրան տեղափոխվել Կատալոնիայի մայրաքաղաք։ Սակայն, այս տրանսֆերի հավանականությունը ներկա պահին շատ ցածր է։
Տրանսֆերի հավանականությունը՝ 15%
Իսկո «Ռեալ Մադրիդ» -> «Չելսի»
Ինչպես տեսնում եք` այս օրերին տրանսֆերային ամենաակտիվ շշուկները պտտվում են լոնդոնյան ակումբի շուրջ։ «Ազնվականները» կփորձեն ձեռք բերել իսպանական ֆուտբոլի երբեմնի ամենաչգնահատված խաղացողներից մեկին, ով մշտական տեղ չունի «Ռեալի» կազմում։ Ըստ Marca-ի՝ Ռոման Աբրամովիչը պատրաստ է իր գումարից 52 մլն երվո տրամադրել այս տրանսֆերի համար։ Ինչպես տեղեկացնում են անգլիական աղբյուրները, 27-ամյա խաղացողին ձեռք բերելու համար անձամբ Ֆրենկ Լեմպարդն է ռուս միլիարդատիրոջը խնդրել, քանի որ անգլիացի մասնագետը կարծում է, որ տաղանդավոր իսպանացին կարող է հիանալի հարմարվել անգլիական ֆուտբոլին։
Տրանսֆերի հավանականությունը՝ 30%
Դրիս Մերտենս «Նապոլի» -> «Արսենալ»
32-ամյա բելգիացին ընթացիկ մրցաշրջանում կորցրել է իր նշանառությունը: Եթե «Արսենալն» ընթացիկ մրցաշրջանի ավարտին չհայտնվի եվրագավաթային գոտում, հավանական է, որ ակումբի առաջատարները՝ Պիեր-Էմերիկ Օբամեյանգն ու Ալեքսանդր Լակազետը կհեռանան ակումբից։ Այդ իսկ պատճառով լոնդոնյան ակումբը արդեն այս տրանսֆերային պատուհանին ցանկանում է լուծել հարձակվողի խնդիրը։ Տրանսֆերի կայացմանը կարող է նպաստել նաև այն փաստը, որ խաղացողի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը 6 ամիս և «Նապոլին» նույնպես շահագրգռված է որևէ գումարի դիմաց վաճառել հարձակվողին։ «Զինագործները» պատրաստ են 20-25 մլն եվրո վճարել խաղացողի համար։
Տրանսֆերի հավանականությունը՝ 35%
Բոնուս – Նեյմար ՊՍԺ -> «Բարսելոնա»
Այս խաղացողի շուրջ շշուկները չեն դադարում։ 27-ամյա բրազիլացին բազմիցս ցույց է տվել, որ երջանիկ չէ փարիզյան ակումբում, իսկ «Բարսելոնայի» առաջատարները մեկ անգամ չեն ցույց տվել, որ կարոտում են բրազիլացուն։ Նախորդ ամռանը խաղացողը շատ մոտ էր «Բարսելոնա» վերադառնալուն, սակայն ակումբներն այնդպես չհասան համաձայնության։ Ճիշտ է՝ ներկա պահին այս տրանսֆերի հավանականությունը բավականին քիչ է, սակայն ամեն պահ կարող է նորից իրավճակը փոխվել՝ պայթեցնելով ողջ տրանսֆերային պատուհանը։ Սակայն, տրանսֆերի արժեքը միանշանակ չի գերազանցի 150 մլն եվրո, հատկապես եթե հաշվի առնենք խաղացողի վնասվածքների հանդեպ հակումը։ Ամեն դեպքում՝ դեռևս այս տրանսֆերային սագան ավարտված չէ։
Տրասնֆերի հավանականությունը՝ 15%
Այսպիսով, փորձեցինք ամփոփել այս տրանսֆերային պատուհանի սպասվելիք թոփ տրանսֆերները։ Interfootball.am-ի տեղեկություններով հենց այս տրանսֆերներն են ներկա պահին ամենահավանականը, սակայն շշուկները ցանկացած խաղացողի հետ կապված այնքան շատ է, որ ամեն ինչ ամեն պահ կարող է փոխվել։ Ավելի թարմ և տեղեկացված լինելու համար հետևեք մեր կայքին։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով։
Միքայել Մելիքբեկյան
# տրանսֆերներ