Թոմաս Տուխելը կշարունակի գլխավորել Բավարիան
Մյունխենի «Բավարիայում» մարզչական փոփոխություն տեղի չի ունենա. Թոմաս Տուխելը կշարունակի զբաղեցնել պաշտոնը։
Sky Sports Deutschland-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը գրում է, որ «Բավարիան» մի շարք մարզիչներից մերժում ստանալուց հետո որոշել է շարունակել համագործակցությունը Տուխելի հետ։
Մայիսի 15-ին Տուխելի գործակալն ու գերմանացի մասնագետը եղել են «ռեկորդ մայսթերի» մարզաբազայում և քննարկել համագործակցության շարունակության հետագա ծրագրերը։ Կողմերը, ամենայն հավանականությամբ, մինչև 2026 թ. հունիսի 30-ը կերկարաձգեն պայմանագիրը։
Գլխավոր մարզչի պաշտոնի հարցում անցնող ամիսներին մյունխենյան ակումբին մերժել են Յուլիան Նագելսմանը (Գերմանիայի հավաքական), Հանսի Ֆլիկը («Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ), Խաբի Ալոնսոն («Բայեր»), Ռալֆ Ռանգնիկը (Ավստրիայի հավաքական), Օլիվեր Գլասները («Քրիսթալ Փելաս»)։ Բացի վերոնշյալ մասնագետներից, «Բավարիան» հետաքրքրված է եղել նաև Ռոբերտո Դե Ձերբիի («Բրայթոն») և Էրիկ Տեն Հագի («Մանչեսթեր Յունայթեդ») ծառայություններից, սակայն ակումբում հրաժարվել են նրանց տարբերակից։
Հիշեցնենք` այս տարվա փետրվարին «Բավարիան» պաշտոնապես հայտարարեց, որ 2024 թ. հունիսին Թոմաս Տուխելը հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։ 50-ամյա մասնագետի գլխավորությամբ մյունխենյան ակումբը 2023/24 մրցաշրջանում չնվաճեց ոչ մի տիտղոս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Էրիկ Տեն Հագ, Թոմաս ՏՈւխել, Խաբի Ալոնսո, Հանս-Դիտեր Ֆլիկ, Յուլիան Նագելսման, Ռալֆ Ռանգնիկ, Ռոբերտո դե Ձերբի, Օլիվեր Գլասներ