Թիերի Անրին Բարսելոնան գլխավորելու հիմնական թեկնածուներից մեկն է
«Արսենալի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին, ով ներկայումս Բելգիայի հավաքականում ընդգրկված է Ռոբերտո Մարտինեսի մարզչական շտաբում, կատալոնական ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուրից մեկն է լինելու, եթե Ռոնալդ Կումանը հեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանասը» 2017 թ. արդեն մեկ անգամ դիտարկել է ֆրանսիացի մասնագետի տարբերակը, երբ Լուիս Էնրիկեն հեռացել էր ակումբից, սակայն, ի վերջո, այդ ժամանակ գլխավոր մարզչի պաշտոնը վստահվեց Էռնեստո Վալվերդեին։
Աղբյուրի փոխանցմամբ` 44-ամյա մասնագետը կրկին հայտնվել է իր նախկին ակումբի ուշադրության կենտրոնում։
Նշվում է, որ «Բարսելոնան» Կումանի հեռացման դեպքում նախապատվությունը տալու է ակումբի նախկին ֆուտբոլիստներից մեկին։ Խոսքը հենց Անրիի, ինչպես նաև Խավիի մասին է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը գլխավորելու թեկնածուներից մեկը Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտիսն է։
Սպասվում է, որ եթե Մարտինեսը ստանձնի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը, ապա Թիերին Անրին կընդգրկվի նրա շտաբում։
Հավելենք, որ Անրին, որպես ֆուտբոլիստ, 2007-2010 թթ. հանդես է եկել «Բարսելոնայում», որի կազմում անցկացրել է 121 հանդիպում` դառնալով 49 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։
Որպես մարզիչ` Անրին մարզել է «Արսենալի» երիտասարդական թիմը (2015 թ. հունվար – 2016թ. օգոստոս), «Մոնակոն» (2018 թ. հոկտեմբեր – 2019 թ. հունվար) և ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Մոնրեալ Իմփակտը» (2019 թ. նոյեմբեր – 2021 թ. փետրվար)։
Անրին 2016-2018 թթ. Բելգիայի հավաքականում եղել է Ռոբերտո Մարտինեսի օգնականը։ 2021 թ. մայսին նա վերադարձավ նույն աշխատանքին և մինչ օրս իսպանացի մասնագետի ասիստենտն է «կարմի սատանաների» ճամբարում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բելգիայի հավաքական, Թիերի Անրի, Մոնակո, Մոնրեալ Իմպաքթ, Ռոբերտո Մարտինես, Ռոնալդ Կուման