Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարների հանդիպումը
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստնաի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը պաշտոնական այցով հունվարի 31-ին եղել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ հանդիպել են Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամների հետ։
Հայկական կողմը ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, ՀՖՖ դեսպան Խորեն Հովհաննիսյանը և ՀՖՖ գործկոմի անդամ Կարեն Շաբոյանը: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում էին ՎՖՖ նախագահ Լևան Կոբիաշվիլին, ՎՖՖ առաջին փոխնախագահ Կախա Չումբուրիձեն, ՎՖՖ փոխնախագահներ Ալեքսանդր Իաշվիլին, Ակակի Ալադաշվիլին և ՎՖՖ գլխավոր քարտուղար Դավիթ Մուջիրին:
Կողմերը քննարկել են երկու ֆեդերացիաների միջև համագործակցության հետագա հեռանկարները և փոխհարաբերությունների սերտացման հնարավորությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել մրցավարական խնդիրների համատեղ քննարկման և ներքին մրցաշարերի հանդիպումների սպասարկման համար մրցավարների փոխանակման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում կողմերը նաև պայմանավորվել են ձևավորել միասնական հատուկ համակարգ, որի շրջանակներում երկու երկրների տղամարդկանց (Մ-14-ից մինչև Մ-21) և կանանց տարբեր տարիքային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ:
# Արմեն-Մելիքբեկյան, ՀՖՖ, Հֆֆ-նախագահ