Ընթերցողի կարծիք․ ո՞ւր է շոուն, որի դեկորացիայի համար միլիարդներ  են ծախսվել

Ընթերցողի կարծիք․ ո՞ւր է շոուն, որի դեկորացիայի համար միլիարդներ են ծախսվել

20/12/2020 - 14:14

Պեպ, ի՞նչ ես դու անում, գրողը տանի․․․ «Լիվերպուլը» 0-7 հաշվով Լոնդոնում ուղղակի չի նկատում «Փելասին», իսկ «Սիթին»՝ 0-1 «Սուութհեմպտոնին», այն էլ՝ ժամանակ ձգելով, ջղաձգումներով։

 Երբ նախորդ մրցաշրջանը ավարտվեց «Լիվերպուլի» չեմպիոնությամբ, այն էլ 18 միավոր առավելությամբ, անձամբ ես այս մրցաշրջանում մարզական առումով ավելի գազազած, ավելի քաղցած «Մանչեսթեր Սիթիի» էի սպասում, բայց արի ու տես, որ ճիշտ հակառակն է։  Նիցշեական ճշմարտություն է, որ այն, ինչը չի սպասնում, այն ավելի ուժեղ է դարձնում։ Հիմա ի՞նչ՝ կոպյան «Լիվերպուը» սպանե՞ց   Պեպի «Սիթիին»․․․

ԱՊԼ-ի սիրահարները կհիշեն, թե ինչպես «Մանչեսթեր Սիթին» Սերխիո Ագուերոյի վերջին րոպեին հեղինակած գոլի շնորհիվ դարձավ չեմպիոն, իսկ «Յունայթեդը» վերջին պահին կորցրեց տիտղոսը (խմբ․՝ 2012 թվականին էր դա)։  Այդ օրը տեսախցիկները չեն ֆիքսել, թե ինչպես էր  լեգենդար Սըր Ալեքսը  Մանչեսթեր վերադարձող ավտոբուսում քայլում մի ծայրից մյուսը ու ասում իր խաղացողներին, որ երբեք, երբեք չմոռանան, թե ինչ են զգացել, երբ վերջին պահին հասկացել են, որ չեմպիոնները իրենք չեն։

Այդ դրվագը իր ինքնակենսագրականում  նկարագրում է Մայքլ Կարրիկը․ «Բոսսը չէր բարկանում, չէր բղավում, նա ուղղակի ասում էր՝ մի մոռացեք երբեք, թե ինչ եք զգացել, երբ հասկացել եք, որ չեմպիոնները դուք չեք, թող այդ զգացողությունը ձեզ մոտիվացնի գալիք հաջողությունների համար։ Նա գիտեր, որ նրա ամեն մի խոսքը ավելի է մեզ մարզական առումով դրդում վրեժի, ու, չնայած, որ այդ օրը մրցաշրջանի վերջին խաղն էր, մենք արդեն այդ պահից հաշվում էինք, թե երբ է սկսվելու գալիք մրցաշրջանը, որ մենք ապացուցենք բոլորին, թե ովքեր են իսկական չեմպիոնները»։

Ֆերգիի ուղերձը հստակ էր․ այն ակումբն է լավագույնը, որը ճիշտ հետևություններ է անում իր անհաջողություններից և ավելի ուժեղ է վերադառնում։

Գուցե հենց այն է սերիական չեմպիոնների գաղտնիքը, որը պարտության զգացողությունը նրանց մոտ ավելի երկար է մնում, քան փառքինը։ Նրանք ամեն կերպ ցանկանում են ազատվել այդ պարտության զգացողությունից, նրանք չեն հաշտվում այն մտքի հետ, որ լավագույնները ուրիշներն են։ Հաջորդ մրցաշրջանում Սըր Ալեքս ֆերգուսոնի թիմը հռչակվեց չեմպիոն, այո, դա ֆերգիի լավագույն «Յունայթեդը» չէր, բայց այն միասնական էր ու հաղթական։

Նման մի բան կարծես չկա ներկայիս «Սիթիում»․ Ո՞ւր են չեմպիոնական ոգին, միասնությունը, ո՞ւր է այդ պրոֆեսիոնալ հաղթանակի ծարավը վերջիվերջո․․․

Դրա փոխարեն միայն խաղային որակների ու արդյունքների վատթարացում է նկատվում․ «Սիթին» արդեն ավելի շատ միավոր է կորցրել, քան ամբողջ 2017/2018 մրցաշրջանի ընթացքում․ նրանք հինգ միավոր քիչ են հավաքել, քան անցյալ մրցաշրջանի նույն ժամանակահատվածում, հեղինակել են ընդամենը 19 գնդակ, ինչը շատ ավելի քիչ է, քան Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ անցկացրած նախորդ մրցաշրջանների ժամանակ։

Գարրի Նևիլը շատ ճիշտ նկատեց մանչեսթերյան դժգույն դերբիից հետո․  «Այնպիսի տպավորություն է, որ «Սիթիի» ֆուտբոլիստներին ձանձրալի է այս ամենը, կարծես նարինջից ամբողջ հյութը քամած լինեն»։

Բոլոր երկրպագուները սպասում են ավելի ուժեղ, նպատակասլաց «Սիթիի»։ Կարծում եմ, որ Գվարդիոլայի պարտավորությունն է մեզ ագրեսիվ, մարզական վրեժի ծարավով թիմ մատուցելը։ Եվ, ի վերջո, ո՞ւր է այն շոուն, որի դեկորացիայի համար գումար չի խնայվել՝ ծախսվելով միլիարդներ։

Կարեն Պողոսյան

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023