Ընթերցողի կարծիք․ Ձոն ֆուտբոլի աստվածներից ամենաիսկականին

Ընթերցողի կարծիք․ Ձոն ֆուտբոլի աստվածներից ամենաիսկականին

26/11/2020 - 15:47

Հանգցրեք բոլոր մարզադաշտերի լույսերը, իջացրեք բոլոր ակումբների դրոշները, ֆուտբոլային աստվածները երեկ իրենց մոտ տարան այս մարզաձևի մահկանացուներից ամենաանմահին։  

Նոյեմբերի 25-ին Դիեգո Արմանդո Մարադոնայի սիրտը դադրեց զարկել․․․ Մարզական աշխարհի վրա իջավ մի լուսավոր ու ափսոսանքով ողողված տխրություն․․․

Դիեգոյին պաշտում էին բոլորը՝ ուսուցչուհիները, բանվորները, տնտեսագետները․․․բոլորը․․․

Երևի դժվար ընկալելի է այս նյութապաշտ հասարակության համար, որ մոլորակի վրա կար մի  մարդ, ով Աստված էր Արգենտինայում, ով սուրբ էր Նեապոլում․․․ ով հասել էր նման ժողովրդական սիրո, նման ճանաչման դեռ այն ժամանակ երբ չկային սոցցանցեր, չկային նման հեռարարձակումների քանակ։ Արգենտինացիները հաճախ ասում էին, որ իրենք աշխարհի ամենաբախտավոր ժողովուրդն են, քանի որ ունեն երկու աստված․ երկնքում Հիսուս Քրիստոսն է, իսկ երկրում՝ Դիեգո Մարադոնան։

Ֆուտբոլը շատ լեգենդներ է ունեցել և ունի, բայց Դիեգոյին առանձնացնում էր նրա ժողովրդական լինելը, ժողովրդին մոտ լինելը, նա ինչքան Աստված էր խաղադաշտում, նույնքան հասարակ մահկանացու էր սովորական կյանքում։ Մարադոնան երբեք չի ձգտել լինել հասարակության գերին, նա այնպիսին էր, ինչպիսին կար ու հենց դա էր նրան դարձնում այդքան պաշտելի, այդքան հարազատ ու այդքան մոտ հասարակ ժողովրդին։  Նա սիրելի էր, կատարյալ էր հենց իր թերություններով։ Մարդիկ չեն հասկանում, որ հենց այդ թերություններն են մեզ դարձնում յուրահատուկ, առանձնացնում ընդհանուրից, լավագույն հատկանիշները բոլորի մոտ նույնն են, փնտրեք թերությունը, եթե կսիրեք այդ թերությունը, ուրեմն այդ մարդը ձերն է, ձեր հոգուն հարազատն է։

Մարադոնան սիրել է Չե Գեվարայի գաղափարախոսությունը, ազատ շփումներ է հաստատել Ֆիդելի Կաստրոյի հետ, ով այդ ժամանակ համարվում էր կապիտալիստական աշխարհի թշնամին (ԱՄՆ, Եվրոպա), նա չեր վախենում այսպես կոչված «քաղաքակիրթ» հասարակության արձագանքից, նա անում էր այն, ինչը համարում էր արդարը, ճիշտը։ Այսպիսին է եղել Մարադոնան, նույնիսկ երբ նա կախվածություն է ունեցել թմրանյութերց ու սխալներ է գործել, դրանք եղել են իր սխալները։

Դիեգոյի հետ նույնիսկ ժամանակին կապ է հաստատել կոլումբացի աշխարհահռչակ նարկոբարոն Պաբլո Էսկոբարը, ով Մարադոնային հրավիրել է իր բանտ և մասին գնդակ են գլորել։

«Բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ ինձ տարան բանտ։ Ես ասացի․ «Գրողը տանի, ի՞նչ է այստեղ կատարվում։ Ես ձերբակալվա՞ծ եմ»: Այդ վայրն ինձ ավելի շատ հիշեցնում էր խոշոր և շքեղ հյուրանոց։ Ինձ ասացին․ «Դիեգո, սա Էլ Պարտոնն է (Էսկոբարի մականունը): Ես չէի կարդում թերթեր, չէի լսում լուրեր և գավափար անգամ չունեի, թե նա ով է։

Մենք հանդիպեցինք նրա սենյակում։ Նա ինձ ասաց, որ սիրում է իմ խաղը և նշեց, որ իրեն համեմատում է ինձ հետ, քանի որ ինչպես ես, այնպես էլ նա, վեր ենք բարձրացել աղքատությունից։

Մենք հանդիպում անցկացրինք, և բոլորը գոհ էին։ Ավելի ուշ մեզ ամենալավ աղջիկների հետ խնջույք էր սպասվում․․․ և այդ ամենը բանտում էր։ Ես չէի կարողանում այդ ամենին հավատալ։ Հաջորդ առավոտյան նա ինձ վճարեց և հրաժեշտ տվեց»,- տարիներ անց պատմել է Մարադոնան իր և Էսկոբարի տարօրինակ ծանոթության մասին։

Դիեգոյի կարիերան փառահեղ էր․․․ Դիեգոյի կյանքը՝ վայրիվերումներով, բայց նա ապրել է հենց իր կյանքը։

Հաջողություն Դիեգո, հանգչի՛ր խաղաությամբ․․․

Շնորհակալություն, որ այդքան անկրկնելի էիր․․․

Կարեն Պողոսյան

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023