Ընթերցողի կարծիք․ ի՞նչ ճակատագիր է սպասվում թիմերին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում

Ընթերցողի կարծիք․ ի՞նչ ճակատագիր է սպասվում թիմերին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում

19/02/2020 - 21:37

Արդեն երեկ վերսկսվեց Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլը։ Խմբային փուլում տեսանք ամեն ինչ` շքեղ գոլեր, փառահեղ հաղթանակներ, շոկի հասցնող խելահեղ րոպեներ, հավատ սեփական ուժերի հանդեպ։ Այժմ եկել է 16 ուժեղագույնների ժամանակը: Այժմ կփորձենք ակումբներին համեմատել, կտեսնենք, թե որ ակումբները կարող են դուրս գալ ¼ եզրափակիչ, և որոնք կլքեն ուժեղագույնների պայքարը:

«Բորուսիա Դորտմունդ» – ՊՍԺ

Երկու մարտունակ ակումբներ, որոնք նախորդ ամռանը ունեցան փայլուն տրանսֆերային քաղաքականություն, ձեռք բերեցին այնպիսի խաղացողների որոնց կարիքը օդի և ջրի նման զգում էին: Լուսիեն Ֆավրի թիմը պարզապես անսպասելի և հզոր խաղացողների ձեռք բերեց, ովքեր այժմ տոն են տալիս: Դորտմուդյան ակումբը կարողացավ համառորեն պայքար մղել խմբային փուլում․ ոչ ոքի խաղացած «Բարսելոնայի» հետ, կամային հաղթանակ տարավ «Ինտերի» դեմ խաղում և արդյունքում 10 միավորով զբաղեցրին երկրորդ հորիզոնականը: Ներկայիս «Բորուսիայի» ամենաակարկառուն ներկայացուցիչը Էրլինգ Հալանդն է, ինչը երեկ կայացած հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ապացուցվեց: Ֆուտբոլսիտ, ով ամենայն հավանականությամբ «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվում, սակայն վերջին պահին խելացի գտնվեց և շտապողականություն չցուցաբերեց: Նորվեգացին ամբողջովին իր տեղը գտավ մեկնարկային կազմում: Նա 7 խաղում րդեն հասցրել է աչքի ընկնել 10 գոլով, որոնցից 3 -ում չի եղել մեկնարկային կազմում: Այս ամենը խոսում է ֆուտբոլիստի ունիվերսալության և անհատական բարձր որակների մասին: Սակայն մի փոքր նայելով ներքին առաջնությանը չենք կարող համարել, որ ամեն բան հարթ է դորտմունդցիների համար: Լուսիեն Ֆավրի թիմը դեռ չի կարողացել ձեռք բերել այն կայունությունը, որին երկրպագուները սրտատրոփ սպասում էին: Շատ հաճախ «մեղուները» այնպիսի թիմերի դեմ են կորցնում միավորներ, որոնց պարտավոր են փակ աչքերով հաղթել: Սա նշանակում է, որ իր թիմում առկա վերջնական խնդիրները դեռ չի լուծել մասնագետը: Սակայն, պետք է նշենք, որ Էրլինգ Հալանդի տրանսֆերը նոր շունչ է հաղորդել ակումբին, ինչն էլ կարող է նրանց հաջողության պատճառը դառնալ։

Ինչ վերաբերվում է ՊՍԺ-ին ասենք, որ Թոմաս Տուխելի օրոք փարիզյան ակումբը ավելի լավն է դարձել: Նախկինում եթե թիմը հիմնվում էր անհատական խաղացողների վրա Նեյմարի, Մբապեի` ապա այմժ ակումբը վերգտել է իր թիմային ոգին: Նրանք ունեցան փայլուն տրանսֆերային պատուհան, որով զգալիորեն ուժեղացրեցին կազմը: Խմբային փուլում ցույց տվեցին հրաշալի խաղ Մադրիդի «Ռեալի» դեմ՝ հաղթելով 3-0 հաշվով, իսկ հյուրընկալվելիս արդեն Իսպանիայում կամային ոչ ոքին 2-2 խաղացին։ Եվ չմոռանանք ՊՍԺ-ի սարսափելի եռյակի մասին Նեյմար, Մբապե, Իկարդի, որոնք կարող են տխրեցնել Բունդես թիմին։ Նաև թիմն ունի բավականին որակյալ պահեստային կազմ, որը մեծ օգուտ կարող է հանդիսանալ կադրային խնդիրների ժամանակ: Կարծում ենք՝ ՊՍԺ-ն ամեն դեպքում կանցնի հաջորդ փուլ:  

«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի»

Եթե մրցաշրջանի սկզբում «արքայական» ակումբը ուներ անթիվ-անհամար խնդիրներ․ օրինակ՝ ֆուտբոլիստների մոտ մոտիվացիայի բացակայություն կամ ոչ նախանձելի թիմային  մթնոլորտ, ապա այժմ զգացվում է, որ ոչ լիարժեք, բայց մեծամասամբ խնդիրները Զինեդին Զիդանը կարողացել է բժշկել: Թիմի ձեռքբերումների մասին ավելորդ է խոսել․ մեկը մյուսից ֆանտաստիկ խաղացողներ: Սակայն ոչ բոլորն են կարողանում ցույց տալ իրենց ողջ պոտենցիալը, բայց կարող ենք փաստել, որ որոշ խաղացողներ այս մրցաշրջանում դուրս են եկել նոր խաղամակարդակի վրա, որոշներն էլ սկսել են իրենց հագեցած փորձը մատուցել թիմին: Կրիշտիանուի հեռանալուց հետո երևի թե ամբողջովին լիակատարություն է ստացել Կարիմ Բենզեման և անկասկած դարձել թիմի առաջատարը, իսկ Ֆեդերիկո Վալվերդեն իր լավագույն մրցաշրջանն է անցկացնում «Ռեալի» կազմում: Մոդրիչ, Կրոս, Կազեմիրո եռյակին ևս մեկ հանճար ավելացավ, որոնք այժմ աշխարհի լավագույն կիսապաշտպանության օղակներից մեկն են կազմում: Վերջերս էլ մադրիդյան ակումբը նվաճեց Իսպանիայի Սուպեր գավաթը` դերբիում հաղթելով Մադրիդի «Ատլետիկոյին»: Այդ կարևորագույն հաղթանակն էլ կարող է դառնալ Զիդանի ֆուտբոլիստների համար ոգևորության առիթ և մեծ մոտիվացիա: Եթե կադրային խնդիրները անհանգստություն չպատճառեն «սերուցքայիններին» և մթնոլորտում ամեն բան հարթ ընթանա, ապա մադրիդյան ակումբը կարող է  մտածել հաջորդ փուլի ուղեգրի մասին:

«Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում չի կարողանում ցույց տալ այն կրակոտ, դիտարժան խաղը, որը եղել են նախորդ 2 մրցաշրջաններում: Որոշ չափով հետաքրքրությունը կորել է Գվարդիոլայի ֆուտբոլիստների մոտ: Նրանք չեն կռվում, չեն մարտնչում այնպես ինչպես նախկինում էր: Զգացվում է, որ խաղացողները հոգնել են գլխավոր մարզչից և շատ անգամներ այդ ամենը ակնհայտ է դառնում հենց խաղադաշտում: Իհարկե այս ամենը դեռ չի նշանակում, որ Սիթին ընթեռնելի է դարձել, նրանք միևնույն է կմնան իրենց բարձր նշաձողի վրա և այդ նշաձողի հենասյան անունն է Պեպ Գվարդիոլա: Չմոռանանք, որ Պեպը Մադրիդին հաղթելու փորձ ունի դեռ վաղ ժամանակներից և արդեն գիտե, թե ինչ ձեռագրով պետք է խաղալ Զիդանի թիմի դեմ: Ամեն դեպքում գերդրամատիկ խաղ է մեզ սպասվում և բարդ է միանգամից առանձնացնել ¼ գնացող ակումբին, չնայած ինչ-որ բան հուշում է որ այդ յուղոտ պատառը Զիդանի թիմին բաժին կհասնի:

«Ատալանտա – Վալենսիա»

Երկու իրար արժանի մրցակիցներ, որոնց հնարավորություն է ընձեռվել մեկ քայլ ավելին անելու եվրոպական ասպարեզում: Գրեթե հավասար ակումբներ, երկուսն էլ ունեն փայլուն մարտավարություն, երկուսն էլ պարզապես չեն ճանաչում հեղինակություններ: «Չղջիկները» դեռ նախորդ մրցաշրջանում ապացուցեցին, որ կարող են ավելի հեռու գնալ, Եվրոպա լիգայում հասան մինչև կիսաեզրափակիչ, որից հետո արդեն պայքարը զիջեցին «Արսենալին»: Այդ ամենը մնաց թիմի նախկին մարզիչ Մարսելինիո Գարսիա Տոռալի հուշերում: Սեպտեմբերից «չղջիկների» ղեկը ստանձնեց անփորձ, բայց մեծ պոտենցիալով 44-ամյա Ալբերտ Սելադեսը: Սելադեսի օրոք նոր խաղամակարդակի վրա կարողացան դուրս գալ Ֆերրան Տորեսն ու թիմի նորեկ Մաքսիմիլիանո Գոմեսը: Վալենսիան ցույց տվեց գեղեցիկ , արժանի խաղ խմբային փուլում. հաղթանակ տարան «Սթեմֆորդ Բրիջում» «Չելսիի» նկատմամբ, իսկ արդեն «Մեստալիայում» կամային ոչ ոքի գրանցեցին նույն «Չելսիի» հետ՝ 2-2: Նրանց առանձնահատկությունն այն է, որ ունեն այնպիսի փորձառու խաղացողներ, ովքեր կարողանում են դեռահաս խաղացողներին իրենց կողքին հղկել: Չմոռանանք նաև «Վալենսիայի»  «տարեց» փորձը եվրոպական ասպարեզներում, որը երբեք չի կարող հնանալ:

Ինչ անում է Ատալանտան Կալչոյում պարզապես ծափահարությունների է արժանի: Ջանպիերո Գասպերինին պայթունավտանգ թիմ է կառուցել, որը սարսափելի է դարձել իտալական բոլոր ակումբների համար: Խմբային փուլում չկարողացան պարգևել գեղեցկություն, սակայն իրենց առջև դրված խնդիրը կատարեցին գերազանց: Այս թիմը չի ճանաչում հեղինակություններ և գիտե, թե ինչպես տխուր վերջաբաններ ապահովել ուժեղ մրցակիցների դեմ խաղերում: Թիմ, որը նախորդ մրցաշրջանում Կալչոյում  խփեց բոլորից շատ գնդակներ և նույն վիճակագրությունը շարունակվում է նաև հիմա: Թիմ, որտեղ բոլոր խաղացողները հստակ գիտեն իրենց անելիքը, գիտեն ինչպես գնալ փայլուն հակագրոհի, և որ ամենակարևորն է՝ կարողանում են թիմային պաշտպանություն կառուցել, ինչը ներկայիս ֆուտբոլում շատ քիչ թիմերի է հաջողվում: Նաև չմոռանանք անհատների մասին` Ալեխանդրո Գոմես, Յոսեպ Իլիչիչ, ովքեր կառավարում են թիմի ստեղծագործական աշխատանքը․ և իհարկե նրանց գործը տրամաբանական ավարտին հասցնողը` Դուվան Սապատան, ով եզրափակում է այդ ամենը գոլով: Սակայն այս բոլոր դրական հատկություններին կարող է խանգարել մի հանգամանք, որ թիմը չունի անցած հասուն ճանապարհ Չեմպիոնների Լիգայում, ինչպես «Վալենսիան», և դա կարող է հանդիսանալ նրանց պայքարը լքելու առաջին պատճառը: Եթե թիմը վերգտնի իր խաղը և մարտնչի այնպես ինչպես ներքին առաջնությունում, ապա «Վալենսիան» կարող է պատրաստ լինել տխուր ճակատագրի:

«Ատլետիկո Մադրիդ» – «Լիվերպուլ»

Երկու խենթ մարզիչների մենամարտ, որտեղ հաղթող դուրս կգա ամենահամբերատարը: Փայլուն տրանսֆերային քաղաքականություն վարեցին «հնդկացիները», որից հետո արմատական փոփոխություններ տեղի ունեցան: Թիմի ամենաթանկարժեք ձեռքբերումը եղավ պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը, ում համար մադրիդյան ակումբը վճարեց 126 մլն եվրո: Ֆուտբոլիստ, ով դարձավ նախորդ մրցաշրջանի բացահայտումներից մեկը, Ճիշտ է՝ Ֆելիշը դեռ մինչև վերջ չի կարողացել ցույց տալ իր ունակությունները, սակայն նա կարող է լոկալ վերցրած խաղերում հրաշքներ գործել:  Պաշտպանության գոտում կար մտավախություն, որ Դիեգո Գոդինի հեռանալուց հետո պաշտպանությունը կհայտնվի անմխիթար վիճակում, բայց «Պորտուից» ժամանած նորեկը կոտրեց այդ կարծրատիպը: Պաշտպանության գծում իր դիրքը ստանձնեց  փորձարու Ֆելիպեն: 30-ամյա խաղացողը բավականին ստաբիլ խաղ է ցույց տալիս Սիմեոնեի ճամբարում: Բացի Ֆելիպեից՝ թիմ ժամանեց  «Էսպանյոլի» պաշտպան, «խարիզմատիկ» մականունով Մարիո Հերմոսոն, ով համարվում է Մադրիդի «Ռեալի» սան: Հերմոսոն կարողանում է խաղալ, թե՛ կենտրոնական և թե՛ եզրային պաշտպանի դիրքերում: Սա խոսում է նրա ունիվերսալության և լայնակի հնարավորությունների մասին: Նույն Կիրան Տրիպյեն, Մարկոս Լյորենտեն և շատերը որակյալ ձեռքբերումներ են և կարող են օգնել «Ատլետիկոյին» ավելի խորացված կազմ ունենալու հարցում, սակայն խաղի ձեռագրից դատելով չենք կարող ասել, որ շատ բան է ավելացել: «Ատլետիկոն» մեզ հայտնի է եղել ինչպես առաջ, այնպես էլ այժմ պաշտպանողական ֆուտբոլով, դրա պատճառով նրանք ձախողվում են շատ կարևորագույն խաղերում` նույն նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի «Յուվենթուսի» դեմ պատասխան խաղում, որտեղ կոլապսի ենթարկվեց մադրիդյան ակումբը: Իհարկե այդ ձեռագրով խաղը քիչ հաղթանակներ չի պարգևել թիմին, սակայն փորձը ցույց է տալիս որ «Ատլետիկոյին» ճեղքել հնարավոր է, երբ դու ունես հզոր հարձակման գիծ, իսկ «Լիվերպուլը» հզոր հարձակման վառ օրինակներից մեկն է:

Ինչ վերաբերվում է «Լիվերպուլին», ապա բավականին հասուն, մարտունակ և երբեք հաղթանակներից չհագեցող թիմ: Թիմ, որը մրցաշրջանի սկզբից ապացուցում է, որ կարող է հաղթել ցանկացած ակումբի։ Թիմ, որի մարզիչը ունի մեծ արենաներում անցած հսկա ճանապարհ: Նրանք չունեն պարտություն սեփական առաջնությունում և վստահաբար առաջ են շարժվում  Պրեմիեր լիգայի ոսկու հետևից: Թիմ, որը ունի խաղացողների լայն ընտրություն, երբ, օրինակ, թիմի կազմից բացակայեն Մանեն կամ Ֆիրմինոն, ապա կգտնվեն արժանի խաղացողներ, ովքեր կլրացնեն նրանց բացը: Թիմ, որը գրեթե չունի թույլ կողմեր, ամեն բան համարժեք է դասավորված` թե՛ ֆուտբոլիստների մակարդակը, թե՛ մարզչի դերը, թե՛ թիմային մթնոլորտը, և որ ամենահզոր գործոնն է՝ երկրպագուների հսկա բանակը: Ինչպես և «Ատլետիկոն», այնպես էլ «Լիվերպուլը» ունի հզոր պաշտպանություն, և եթե մադրիդյան ակումբի պաշտպանությունը լավն է երևում այն ժամանակ, երբ թիմը կոնկրետ ամբողջ կազմով առաջադրանք է կատարում պաշտպանության շուրջ, ապա մերսիսայդյան ակումբը կուռ պաշտպանություն ունենալուց բացի, երբեք չի մոռանում իր հարձակվողական համբավ ունեցող կերպարի մասին: Իհարկե, եթե նայենք այլ տեսանկյունից, մերսիսայդցիները կարող են այդքան էլ լուրջ չվերաբերվել Չեմպիոնների Լիգային և բոլոր ուժերը կենտրոնացնեն սեփական առաջնությանը, սակայն թիմում կա այնպիսի կոլեկտիվ այնպիսի անուններ, ովքեր պատրաստ կլինեն մարտնչել երկու ճակատով, և բացի այդ՝ չմոռանանք նրանց զգալի առավելությունը միավորների քանակով: Եթե «Լիվերպուլը» ինքնակամ չհրաժարվի Չեմպիոնների Լիգայից, ապա ¼ եզրափակչում կարող է սպասել հաջորդ մրցակցին:

«Չելսի» – «Բավարիա»

Հզոր դիմակայության ենք ականատես լինելու․ ակումբներ, որոնք ապացուցել են, որ կարող են հեռուն շարժվել ընթացիկ մրցաշարում: Թիմերը վերջին անգամ հանդիպել են 2012 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում, որտեղ Դի Մատեոյի «Չելսին» ոչ այնքան գրավիչ խաղով, բայց հաղթանակ տոնեց մրցաշարում՝ թողնելով իր անունը թիմի պատմության մեջ: Սակայն այժմ չկան այդպիսի լեգենդար խաղացողներ, ովքեր իրենց հետքը թողել են համաշխարհային ֆուտբոլի դասագրքում: Ֆրենկ Լեմպարդի «Չելսին» մրցաշրջանի սկզբից ցույց է տալիս ցանկությունով և էմոցիաներով լի ֆուտբոլ: Սկզբում թվում էր, թե առանց տրանսֆերների և Էդեն Ազարի հեռանալուց հետո «Չելսին» պարզապես անկում կապրի, բայց Ձերդ գերազանցություն Ֆրենկին կարողացավ շատ արագ գտնել հաջողության բանալին և թիմին սովորեցրեց ուղի փնտրել առանց Էդեն Ազարի: Այժմ «Չելսին» ամբողջովին դարձել է թիմային ֆուտբոլ դավանող թիմ, որը չի կենտրոնանում կոնկրետ խաղացողի վրա և կախում չունի որևէ մեկից: Իհարկե եթե առանձնացնենք որոշ խաղացողներ, ապա կասենք, որ անկասկած թիմի ընդգծված առաջատարը Թեմի Աբրահամն է: 22-ամյա անգլիացին ամբողջովին մտավ Ֆրենկիի մշակած մարտավարության մեջ: Վիլիանի, Մաունթի, Պուլիշիչի և շատերի հետ Թեմին իրեն զգում է իրեն, ինչպես ձուկը ջրում: Նշված ֆուտբոլիստները նույնպես իրենց դերակատարությունը ունեն անկասելի հարձակվողի գոլերում: Սակայն, չենք կարող ասել, որ ամեն բան հարթ է լոնդոնյան թիմի համար: Վերջին շրջանում թիմը չի կարողանում ցույց տալ այն գրավչությունը, որը կար մրցաշրջանի սկզբնամասում: Նկատվում է որոշակի խոտան և  հենց դա ապացուցվեց շաբաթներ առաջ կայացած «Արսենալի» դեմ խաղում, որտեղ վերջնամասում թիմը բաց թողեց հաղթանակը 10 հոգով մնացած մրցակցի: Եթե ակումբի խնդիրները արագ կարգավորվեն և Լեմպարդը շտկի թիմի հաղթանակների երաշտը, ապա կկարողանա համարժեք մրցակցություն ստեղծել «Բավարիայի» համար:

«Բավարիայի» մասով կարող ենք ասել, որ թիմնա այժմ գտնվում է ավելի ստաբիլ վիճակում, որը բացակայում էր Նիկո Կովաչի գլխավորությամբ: Խորվաթ մասնագետին հեռացնելուց հետո թիմի ղեկը ստանձնեց Կովաչի օգնական Հանս-Դիտեր Ֆլիկը: «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստն իր հետ հանգստություն բերեց թիմ և միանգամից փոխեց մթնոլորտը: Կարճ ժամանակում «Բավարիան» կարողացավ վերգտնել իր խաղը և առաջ շարժվել: Ճիշտ է՝ լինում են որոշակի խաղեր, որտեղ թիմը մեղմ ասած չի փայլում և շատ կարևոր միավորներ է կորցնում առաջնությունում, սակայն ընդհանուր պատկերը թիմում կարողացավ թարմացնել գերմանացի մարզիչը: Ֆլիկի ճամբարում կան կոնկրետ առաջատարներ, ովքեր կարող են անելանելի վիճակներից դուրս բերել թիմին և դեպի հաղթանակ ուղեկցել: Եվ իհարկե չմոռանանք Ռոբերտ Լևանդովսկիի գործոնի մասին, ով այս մրցաշարի լավագույն ռմբարկուն է և չի բացառվում, որ նրա հաջորդ գնդակը կամ գնդակները կարող են հայտնվել լոնդոնյան թիմի դարպասում և շատ կարևոր է , որ Լեմպարդը ուշադրություն դարձնի լեհ գոլահարրին։ Վերջին տարիներին գերմանական «մեքենային» չի հաջողվում երկար ընթացք ունենալ այս մրցաշարում, սակայն չթերագնահատելով «Չելսիին» կարող ենք ասել, որ այս անգամ թիմին ավելի հարմարավետ մրցակից է բաժին հասել և նրանց արգելքը հաղթահարելը «Բավարիայի» ուժերից վեր չէ: Կարծում ենք՝ գերմանական ակումբը ունի բոլոր նախադրյալները քառորդ եզրափակչում հայտնվելու համար:

«Նապոլի» – «Բարսելոնա»

Հերթական գեղեցիկ և դիտարժան խաղը հրավիրում է մեզ իրուշադրությանը: Դիմակայություն, որտեղ կարող ենք սպասել շատ մեծ անակնկալների: Այժմ խոսենք, թե թիմերն ինչ մարզավիճակով են մոտենալու այս խաղին: «Նապոլին» երևի թե վերջին շրջանում իր վատագույն մեկնարկը ունեցավ Ա Սերիայում: Թիմը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում կարողացավ արժանի խաղ ցուցադրել, որը ի կատար ածվեց ավելի շատ Անչելոտիի պրոֆեսիոնալիզմի հաշվին: Սակայն, մրցաշրջանի կեսից Կառլո Անչելոտին հրաժեշտ տվեց նեապոլցիներին և նրան եկավ փոխարինելու Ջեներո Գատուզոն: Չենք ցանկանում ոչ ոքի վիրավորել, սակայն վատագույն տարբերակի վրա կանգ առավ ակումբի ղեկավարությունը մարզչի հարցում: Իհարկե Գատուզոն ունի լեգենդար ֆուտբոլիստի համբավ, ով ֆուտբոլում իր անունը թողել է ոսկե տառերով, սակայն նա դեռ չի կարողանում փայլել որպես մարզիչ: Իհարկե այնպես չէր, որ Կառլոյի օրոք ընթացիկ մրցաշրջանում թիմը միշտ փայլում էր, սակայն Ջեներոյի հետ համեմատած, «Նապոլիի» նախկին մարզիչը մեծ փորձ ուներ, որը նրան նաև պիտանի կլիներ փլեյ-օֆֆ փուլում: Բոլորս էլ հիշում ենք Գատուզոյի «Միլանին», որտեղ նույնպես եղան դրական արդյունքներ, բայց վերջում ամեն բան անփառունակ էր: Իտալացու գլխավորած թիմը մրցաշարում զբաղեցնում է 10-դդ հորիզոնականը, որը պարզապես անթույլատրելի է: Վերջերս «երկնագույնները» անակնկալ հաղթանակ տոնեցին «Յուվենթուսի» դեմ խաղում: Խաղ, որտեղ Գատուզոյի փիլիսոփայության և չհանձնվող տեսակի հետ ծանոթացավ Սարին: Հնարավո՞ր է, որ Գատուզոն գտել է համապատասխան ձեռագիր թիմի համար, թե՞ սա պարզապես պատահականություն էր: Հարցերի պատասխանները կստանանք հենց խաղի ընթացքում:

«Բարսելոնա»` ակումբ, որի մասին կարող ենք անվերջ խոսել: Մի քանի տարի է, ինչ թիմը փորձում է վերգտնել իրեն այս մրցաշարում, սակայն շատ ցավալի պարտություններով դուրս է մնում պայքարից: Ակումբ, որը չունի սով հաղթանակների և ամեն մրցաշրջանում կարողանում է թեկուզ և չնչին տիտղոսի տիրանալ: Ինչպես և նեապոլցիները, այնպես էլ կատալոնացիները մրցաշրջանի կեսից փոխեցին իրենց մարզչին: Էռնեստո Վալվերդեին հաջորդեց նախկինում «Բետիսում» տոն տված Կիկե Սետիենը: Իհարկե, 61-ամյա պարոնը այն մարզիչը չէր, որին երկրպագուները կսպասեին սրտատրոփ: Իսպանացին իհարկե չունի այն պրոֆեսիոնալ փորձը մարզիչների արենայում, սակայն հասցրել է աչքի ընկնել իր հատկանիշներով: Նրա համեստ «Բետիսը» գեղեցիկ և փայլուն խաղ էր ցուցադրում, թոփ ակումբների համար դարձել էր հանելուկային մրցակից։ Հանրության կողմից մեծ ճանաչում չվայելած մարզիչը գալով կատալոնական ակումբ իր առջև դրեց մեծ պատասխանատվություն: Արդեն բոլորը պետք է գիտակցեն ակումբի ճամբարում, որ Չեմպիոնների Լիգայից գլխիկոր հեռանալու իրավունք չունեն և պետք է իրենց գլխավոր նպատակը համարեն այս մրցաշարը հաղթելը, քանի որ Լա Լիգա և Կոպա դել Ռեյ հաղթելով երկրպագուները չեն զարմանա: Անցել է մի քանի խաղ Սետիենի գլխավորությամբ և կարծիք կազմելը միանգամայլ տեղին չի լինի: Նկատվում են որոշակի դրական նշույլներ նրա դավանած խաղում, և կա դեռ ժամանակ, որպեսզի Սետիենը ապացուցի, որ մտածող մարզիչ է: Տարիների հետ միասին «Բարսելոնան» ձեռք է բերում գերաստղերի,  սակայն, որպեսկանոն, ամբողջ ծանրությունը ընկած է միայն մեկ ֆուտբոլիստի վրա: Զգացվում է արդեն, որ Լեոն հոգնել է թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես և շատ հաճախ չի կարողանում խաղը իր վրա վերցնել: Իհարկե խաղացողները սատար կանգնում են նրան և որոշիչ դեր են ունենում, բայց այդ ամենը տեղի է ունենում շատ հազվագյուտ: Սակայն ինչ անելանելի վիճակներ էլ ստեղծվեն կատալոնացիների համար, նրանք ամեն դեպքում կգտնեն հաջողության ուղին և առաջ կսլանան: Այս դիմակայությունում ¼ -ի ուղեգիրը բաժին կհասնի կատալոնական ակումբին, առաջին հերթին իրենց փորձի և ավելի բարձրակարգ լինելու հաշվին՝ չմոռանալով նաև Լեո Մեսսիի գործոնի մասին:

«Տոտենհեմ» – «Լայպցիգ»

Այս մրցակցությունը մեկ բառով կարելի է անվանել սերունդների առերեսում.. Ժամանակակից ֆուտբոլի տոկուն մարզիչներից մեկը` Յուլիան Նագելսմանն ընդդեմ աշխարհի ամենաազդեցիկ և միաժամանակ փիլիսոփայության ջատագով մարզչի Ժոզե Մոուրինիոյի: Իհարկե թիմերի մակարդակները ծանր ու թեթև անելուց հետո կարող ենք վստահաբար ասել, որ «Տոտենհեմը» ֆավորիտ է այս դիմակայությունում, սակայն, նայելով մեդալի հակառակ կողմը կհասկանանք, որ ամեն ինչ այդքան պարզ չէ: «Լայպցիգը» այս մրցաշրջանում իր լավագույն մեկնարկներից մեկը գրանցեց: Թիմը հոյակապ խաղ է ցույց տալիս, որը հանդիսատեսին գերում է բոլոր առումներով, և այդ ամենը իհարկե Յուլիան Նագելսմանի պես հանճարի շնորհիվ: Գերմանացի մարզիչը դեռ տարիներ առաջ բացահայտեց իր տաղանդաշատ տեսակը, երբ «Հոֆֆենհայմի» պես համեստ ակումբի հետ Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճեց, որից հետո «Լայպցիգի» ղեկավարությունը իրականացրեց իր պատմության լավագույն ձեռքբերումը: Նագելսմանի «Լայպցիգը» բավականին կայուն և հասուն խաղ է ցուցադրում: Թիմը ներկա դրությամբ Բունդեսլիգայում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը և առաջատար «Բավարիայից» հետ է ընդհամենը մեկ միավորով: «Ռեդբուլցիների» գլխավոր հատկությունը խաղային մոդելից թիմային պրեսինգ և արագ հակագրոհներ կազմակերպելն է: Ֆանտաստիկ խաղ է ցույց տալիս մրցակիցների դահիճ Տիմո Վերները: Գերմանացի ֆուտբոլիստը 21 խաղում 20 գնդակ է խփել, որը իհարկե ապշեցուցիչ է: Չի բացառվում, որ հյուսիսլոնդոնյան ակումբը կարող է դառնալ Վերների հաջորդ զոհը: Վերները, Զաբիթցերը, Էմիլ Ֆորսբերգը, Նկունկուն և շատերն իրենց մեծ ազդեցությունն ունեն «ռեդբուլյան» ակումբի խաղային ասպեկտում, սակայն գլխավոր զենքը կշարունակի մնալ 32-ամյա մասնագետ Յուլյան Նագելսմանը, ով թիմը ամողջովին դուրս բերեց թոփ մակարդակի վրա և անկախ նրանից կմնա պայքարում «Լայպցիգը», թե ոչ, միևնույնն է այս ամենը գլուխ բերել դեռևս 32 տարեկանում, բնորոշ է սակավ մարզիչների:

«Տոտենհեմը» այս մրցաշրջանը ոչ այդքան արդյունավետ մեկնարկեց: Եղան մի շարք միավորների կորուստներ և այդ ամենը հանգեցրեց այն ամենին, որ Պոչետինոն հեռացվեց պաշտոնից: Իհարկե արգենտինացու հրաժեշտը չավարտվեց  հեփի Էնդով, սակայն եկավ նրան փոխարինելու Ժոզե Մոուրինիոն․ նոր դեմք, նոր փիլիսոփայություն: «Յուրահատուկը» ինչ-որ չափով կայունացրեց թիմի խաղը, սակայն միաժամանակ այդպես համարելը սխալ կլինի: Եթե նայենք թիմի վերջին խաղի արդյունքին, որտեղ լոնդոնյան ակումբը «Սաութհեմպտոնի» դեմ խաղում առավելության հասան 3։2 հաշվով, ապա կարող ենք որոշ չափով «լավատես» գտնվել Տոտենհեմի հանդեպ:  «Յուրահատուկի» ֆուտբոլում կա մի շատ կարևոր հատկություն․ թիմը կարողանում է առանց մեծ քանակության գրոհների հաղթել, որը ապացուցվեց հենց « Ման.Սիթիի» դեմ խաղում: Բայց ամեն բան այդքան էլ հարթ չէ այստեղ, չէ որ այդ ամենին երկար շարունակություն չի կարող ապահովել Ժոզեն: Բացի դա թիմը շարունակում է տառապել կադրային խնդիրներով: Հարի Քեյնի վնասվածքը շատ անհարմար պահի հայտնվեց, որը «Տոտենհեմին» զրկեց պայթունավտանգ գոլահարից: Չմոռանանք նաև, որ թիմը հրաժեշտ տվեց Քրիստիան Էրիկսենին, ով կարող էր այս խաղարկությունում իր մեծ դերը ունենալ: Խնդիրները շատ են, սակայն այդ ամենի կողքին նշմարվում է այն, որ Ժոզեն մեծ խաղերում հաղթելու կայուն փորձ ունի, գումարած նախորդ մրցաշրջանի «Տոտենհեմի» երկար ուղին, որը որոշակի վստահություն և ուժ կարող են հաղորդել թիմին այս պայքարում հաղթող դուրս գալու համար:

«Լիոն– «Յուվենթուս»

Երևի թե ընդհանուր մրցավեճերի ամենաթույլ դիմակայությոնը: Մրցավեճ, որտեղ ամբողջովին ընդգծված է ֆավորիտը: «Լիոնը» այս մրցաշրջանում չի կարողանում ֆուտբոլասերների ուշադրությունը գրավել իր գեղեցիկ, ցանկությամբ լի խաղով: Ֆեկիրի, Նդոմբելեի և մի քանիսի հեռանալուց հետո թիմը կորցրեց իր հիմնաքարը, որն էլ բերեց սպասվող բացասական արդյունքների: Ֆրանսիայի առաջնությունում Ռուդի Գարսիայի թիմը անգամ լավագույն տասնյակում տեղ չի գտնում, որը իհարկե հիասթափեցնող է ակումբի համար: Կան որոշ ֆուտբոլիստներ, որոնք աչքի են ընկնում իրենց անհատական լուսավոր խաղով, բայց այդ ամենը դեռ բավարար չէ թիմի խաղը էլ ավելի բարելավելու համար: Խմբային փուլում ցույց տվեցին անհրապույր խաղ, թեև կարողացան փայլուն հաղթանակի հասնել «Լայպցիգի» դեմ խաղում, որն ավարտվեց 2-0 հաշվով: Իհարկե միանշանակ չի կարելի ասել, թե ինչ կլինի, քանի որ «Լիոնը» ֆուտբոլային արենայում միշտ հայտնի է եղել իր անսպասելի, արտասովոր բնազդով և կարող է մի շարք անակնկալների բերել Մաուրիցիո Սարիի «փոփոխական»  «Յուվենթուսին»:

«Յուվենթուսը» այս մրցաշրջանում ամբողջովին տարբերվում է իր կերպարից, որով օժտված էր նախորդ մրցաշրջաններին: Այսօրվա «Յուվենթուսը» շատ մեծ վտանգ չի ներկայացնում իրենից: Եթե Ա Սերիայի սկզբնամասի 10 տուրերից հետո պարզ էր դառնում, որ հերթական սկուդետոն Թուրին կուղեվորվի, ապա, նայելով մրցաշարային աղյուսակի առաջին 3 հորզոնականներին, կարող ենք ասել, որ այս անգամ միջամտվել է այդ ավանդույթ դարձած ճանապարհը: Թիմը հույսեր չփայփայեց Մասիմիլիանո Ալեգրիի հետ և նրան դռան կողմը ցույց տվեց՝ դիմավորելով «Չելսիի» հետ հաջողության հասած Մաուրիցիո Սարիին: Միանշանակ Անգլիայի ֆուտբոլը ամբողջովին տարբերվում է Ա Սերիայից, ինչը նշանակում էր, որ իտալացի մարզիչը չէր կարող իր անգլիական վարպետությունը կիրառել թուրինյան ակումբում: Հարկավ՝ Սարին փորձ ունի Ա Սերիայում․ նրա «Նապոլին» փայլուն խաղով էր աչքի ընկնում և ընդհամենը 1 միավորով զիջեց «Յուվենթուսին» չեմպիոնի կոչումը: Այժմ թիմը նրա օրոք ցանկությամբ լի խաղ է ցուցադրում, այսպես ասած վերացել է «ռոբոտային» ոգին ակումբից, ինչը որոշ չափով Ա Սերիայի մնացած ակումբներին թույլ է տալիս ազատ շնչել:  Խմբային փուլում հոյակապ խաղ ցույց տվեց «Յուվենթուսը»՝ գրանցելով 5 հաղթանակ և 1 ոչ-ոքի: Հաղթանակներից մեկն էլ «Ատլետիկո Մադրիդի» դեմ էր, որի դեմ խաղում Դիբալան շլացուցիչ գոլի հեղինակ դարձավ: Կարող ենք առանձնացնել մի շարք խաղացողների, որոնք կայուն մարզավիճակ են ձեռք բերել: Հենց նույն Դիբալան, ում խաղը Ռոնալդուի գալուց հետո որոշակի չափով անկում էր ապրում, թոփ հարձակվողի համբավը վերգտած Գոնսալո Հիգուայինը, նոր խաղամակարդակի վրա դուրս եկած և թիմի կարևոր ֆուտբոլիստներից մեկը դարձած Քրիստիան Բենտակուրը և իհարկե չմոռանանք ամենակարևոր ֆուտբոլիստի` ֆանտաստիկ, երբեք չծերացող, Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Պորտուգալացին անգամ իր վատ խաղային շրջանում կարողանում է գերազանց ունակություններով աչքի ընկնել: 35-ամյա ֆուտբոլիստի համար ֆուտբոլ սպորտաձևը պարզապես կյանքի «գոյատևման» միջոց է դարձել: Եվ հենց այս խաղացողների գլխավորությամբ «Յուվենթուսը» կվաստակի քառորդ եզրափակչի ուղեգիր։

Հայկ Սահակյան

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023