Ընթերցողի կարծիք․ ԱՊԼ-ի խնջույքի տորթի աքաղաղը սպիտակ կանեք

Ընթերցողի կարծիք․ ԱՊԼ-ի խնջույքի տորթի աքաղաղը սպիտակ կանեք

30/11/2020 - 15:46

«Իմ հանդերձարանը ուրախ չէ այս հանդիպման արդյունքից, մենք երջանիկ չենք, ու ինձ համար այս ամենը ֆանտաստիկ է, քանի որ սա մենթալիտետի փոփոխություն է»,- «Չելսիի» հետ խաղից հետո ասաց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն։

Պորտուգալացի մարզչի ուղերձը հստակ է՝ Ժոզեի «Տոտենհեմն» այլևս ԱՊԼ-ի համեստներից չէ, այն համեստներից,  որոնք մեծ խնջույքի ժամանակ մնում են աննկատ, Մոուրի թիմը եկել է ԱՊԼ-ի խնջույք, որպեսզի մի լավ աղմկի, սեղանի վրա պարի, տորթի ամենալավ կտորը ձեռքով ուտի, վերջում էլ հեռանա ամենագեղեցիկ աղջկա հետ։

«Տոտենհեմը» գլխավորելուց Ժոզեն հայտարարեց, որ պատրաստվում է փոխվել, որ հասկացել է իր բացթողումները․․․ և արդեն մեկ տարի անց ակներև է, որ Special One-ը, իսկապես աշխատել է իր վրա։  Էլ չկա Ժոզեի այն ֆուտբոլը, ովքեր արդարացիորեն անվանում էին հնադարյան, դրա փոխարեն կա միտք, պրեսինգ ու ամենակարևորը՝ բնավարություն, ինչը միշտ պակասել է «շնաձկներին»։ Կարծում եմ՝ սա այն դեպքերից է, երբ մեկը մյուսին լրացնում են․ ակումբը մարզչին տալիս է հնարավորթյուն նորից լինել բարձունքում, իսկ մարզիչը ակումբին՝ հաղթողի մենթալիտետ։

Մոուրինիոյի թիմերի կարևոր հատկանիշներից է ամուր բնավորությունը, պողպատից կամքը, հանդերձարանի միասնությունը։ Պորտուգալացի մարզչի համար շատ կարևոր է ստեղծել այնպիսի բանդա, որը բաղկացած կլինի միայն մարտիկներից, ովքեր պատրաստ կլինեն գնալ պատերազմի և հասնել հաղթանակի ամեն գնով։ Նման բանդաներ նա ստեղծել էր «Պորտուում», «Չելսիում», «Ինտերում», իսկ «Ռեալում», «Չելսիում» (երկրորդ անգամ գլխավորելը) ու «Մանչեսթերում»  չէր հաջողվել ստեղծել համախոհներից բաղկացած ամուր կոլեկտիվ, չնայած արձանագրված հաջողություններին այդ թիմերի հետ։

 «Տոտենհեմում» մտահոգված էին՝ արդյո՞ք 57-ամյա պորտուգալացին կկարողանա լեզու գտնել երիտասարդների հետ և այդ մտահոգությունը էլ ավելի խորացավ, երբ խնդիրներ առաջացան Տանգի Նդոմբելեի հետ, ով ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն էր։  Պորտուգալացի մարզիչը մի անգամ ճիշտ նկարագրեց երիտասարդ ֆուտբոլիստների հետ խնդիրը, երբ դեռ «Յունայթեդում» էր․ «Նախկինում, ֆուտբոլիստները ավելի հասուն էին․ ես խոսում էի 23-ամյա Լեմպարդի հետ ու տեսնում էի, որ դիմացս տղամարդ է կանգնած, իսկ հիմա այդպես չէ, հիմա դու նախատում ես ֆուտբոլիստին, հաջորդ օրը մամուլում կարդում ես դրա վերաբերյալ նրա գործակալի կարծիքը։ Սա է իրականությունը, որի հես պետք է համակերպվեմ»,- դժգոհում էր Ժոզեն։

Մոուրինիոն չի տալիս երկորդ հնարավորություն, բայց Տանգիի մասով  գարնանը, խախտելով Covid-ի հետ կապված սահմանափակումները, անցկացրեց մոտիվացիոն հանդիպումներ։ Այս նկարը այդ հանդիպումներից է․

Ընթացքում ֆրանսիացի տաղանդավոր կիսապաշտպանի հետ խնդիրները հարթվեցին ու հիմա նա լավագույններից է ԱՊԼ-ում։

Այս պահին հակառակ բևեռում է հայտնվել Դելե Ալին, ում աշխատանքի նկատմամբ մոտեցումից մի քանի անգամ դժգոհել է Մոուրինիոն։ Անգլիացին հայտարարել է, որ հասկանում է՝ պետք է ավելի շատ աշխատել և հուսանք, որ Ալին կվերականգնի իր լավագույն մարզավիճակը և մարզչի վստահույթյունը։

Ժոզե Մոուրինիոն բավականին հաջող բալանսավորված կազմ է հավաքագրել, որը թույլ է տալիս լինել տակտիկապես ճկուն, ընտրել ցանկացած մարտավարություն՝ կախված մրցակցից։ Դատեք ինքներդ․

Այստեղ դեռ չկան Լամելան ու Դելե Ալին, ովքեր կարող են խաղալ հարձակման ցանկացած հատվածում։  4-2-3-1-ը կարող է առանց որակական կորստի վերածվել 4-4-2-ի՝ բլոկային պաշտպանության ժամանակ,  4-3-3-ի, երբ խնդիր կա ճեղքել մի քանի շերտ ունեցող պաշտպանությունը,  կամ 3-5-2-ի հատկապես, երբ Դևիսը լինի կազմում։ 

Հատկաշական է նաև Հարրի Քեյնի նոր դերը, ով հրաշալի է խաղում «կեղծ» 9 համարի դիրքում, կարծում եմ՝ մենք «նոր Քեյն» ենք բացահայտում։ Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պետք է մի շիշ ֆրանսիական գինի նվիրի Ժոզեին՝ «նոր Քեյնի» համար։ 

Այս «Տոտենհեմի» ամենակարևոր ֆուտբոլիստը Պիեր-Էմիլ Հոյբերգն է, ով Ժոզեի դարձավ հավատարիմ զինվորը, ով խաղից խաղ ապացուցում է իր բարձր կարգը։ Հենց նրա խելացի տեղաշարժերի շնորհիվ է լոնդոնյան թիմը ստանում առավելություն սեփական խաղադաշտում, հատկապես նշանակալից էր նրա խաղը անցյալ շաբաթ Դե Բրոյնեյի դեմ և կարծում եմ, որ դանիացու մասին դեռ առիթ կունենամ առանձին հոդվածով անդրադառնալ։

Պահպանողական անգլիացիները բողոքում են, թե ինչպես կարող է համարձակվել Լոնդոնի հյուսիսից մի թիմ, որը միշտ աննկատ, անլսելի է եղել, գա ԱՊԼ-ի խնջույքին, իրեն զգա ինչպես տանը, աղմկի, պարի սեղանի վրա, ցանկանա ուտել տորթի լավագույն կտորը ձեռքերով ու դեռ բան էլ՝ սիրահետի խնջույքի ամենագեղեցիկ աղջկան։

Կարեն Պողոսյան

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023