Ընթացիկ տրանսֆերային գլխավոր սագան. Բավարիան ու Տոտենհեմը պայքարում են Ջենոայի պաշտպանի համար
«Ջենոայի» կենտրոնական պաշտպան Ռադու Դրագուշինը, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ռումինացի ֆուտբոլիստի համար լրջորեն պայքարում են «Տոտենհեմը» և «Բավարիան»։
Աղբյուրի փոխանցմամբ` տևական ժամանակ 21-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտը «Տոտենհեմն» էր, որը նրա դիմաց «Ջենոային» առաջարկել է 25+5 մլն եվրո և աջ պաշտպան Ջեդ Սփենսին 6 ամսով վարձակալելու իրավունք։
«Խթանները» նաև մինչև 2029 թ. հունիսի 30-ն անձնական պայմանագիր են համաձայնեցրել Դրագուշինի հետ։
Այդուհանդերձ, գործին անսպասելի միջամտել է «Բավարիան», որը դեկտեմբերի 9-ին տրանսֆերի հարցում պաշտոնական առաջարկ է կատարել «Ջենոային», որի դիմաց պատրաստ է վճարել 30 մլն եվրո։
Հաղորդվում է, որ «Ջենոան» պատրաստ է ընդունել ինչպես «Տոտենհեմի», այնպես էլ «Բավարիայի» առաջարկը, այդ պատճառով էլ վերջին խոսքը լինելու է Դրագուշինինը։
Վերջինս պետք է առաջիկա ժամերին վերջնական որոշում կայացնի։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «Բավարիան» նույնպես անձնական պայմանագիր է համաձայնեցրել Դրագուշինի հետ, որը նախատեսված է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
«Տոտենհեմի» և «Բավարիայի»` երիտասարդ ֆուտբոլիստի հետ համաձայնեցրած պայմանագրերի տարբերությունն այն է, որ մյունխենյան ակումբը պատրաստ է նրան վճարել ավելի շատ աշխատավարձ` տարեկան 2 մլն եվրո։
Հավելենք, որ Ռադու Դրագուշինը «Յուվենտուսի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 4 հանդիպում։
Ռումինացի պաշտպանը հիմնականում հանդես է եկել «բյանկոներիների» տարբեր տարիքային թիմերում։
Դրագուշինը 2022 թ. հուլիսից հանդես է գալիս «Ջենոայի» կազմում` անցկացրած 62 խաղում դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Նիկոլո Սկիրա, Ջենոա, Ռադու Դրագուշին, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո