Էրիկ Տեն Հագը կշարունակի գլխավորել Մանչեսթեր Յունայթեդը
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է Էրիկ Տեն Հագին պահել գլխավոր մարզչի պաշտոնում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «կարմիր սատանաների» նոր համասեփականատեր, Ineos ընկերության ղեկավար Ջիմ Ռեթքլիֆը և ակումբի գլխավոր բաժնետեր Գլեյզերների ընտանիքը հոլանդացի մասնագետի հետ երկու շաբաթ բանակցելուց հետո որոշել են շարունակել նրա հետ աշխատանքը։
Ըստ աղբյուրի` Ineos-ի ու Գլեյզերների ընտանիքի համար վճռորոշ է եղել 54-ամյա մասնագետի` երիտասարդ ֆուտբոլիստների հետ կատարած հիանալի աշխատանքը։ Խոսքը, մասնավորապես, անգլիացի կիսապաշտպան Քոբի Մայնուի և արգենտինացի վինգեր Ալեխանդրո Գարնաչոյի գրանցած մեծ առաջընթացի մասին է։
«Յունայթեդի» ղեկավարները կարծում են, որ Տեն Հագին պաշտոնում թողնելն ակումբի ապագայի համար լավագույն որոշումն է։
Հավելենք, որ Էրիկ Տեն Հագը մանկունյական ակումբը մարզում է 2022 թ. հուլիսից։ Նա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործող պայմանագիր ունի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Անգլիական գրանդը նրա գլխավորությամբ 114 խաղում տարել է 68 հաղթանակ, 15 անգամ գրանցել ոչ-ոքի ու կրել 31 պարտություն։
Ավելացնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը 60 միավորով ավարտել է 8-րդ տեղում, ինչն ակումբի պատմության վատագույն ցուցանիշն է։ «Կարմիր սատանաները» առաջնությունն ավարտել են գնդակների բացասական` 57:58 հարաբերակցությամբ։
Մրցաշրջանի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»` դառնալով Անգլիայի գավաթակիր։ Մանկունյական ակումբը 2023 թ. Տեն Հագի գլխավորությամբ նվաճել է նաև Անգլիայի Լիգայի գավաթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabo, FA-Cup, INEOS, Անգլիայի լիգայի գավաթ, ԱՊԼ, Գլեյզերներ, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր Յունայթեդ, Ջիմ Ռեթքլիֆ