Էրիթրեան հրաժարվել է մասնակցել ԱԱ-2026-ի որակավորման փուլին
Նոյեմբերի 15-ի մեկնարկելու է ԱԱ-2026-ի Աֆրիկայի գոտու որակավորման առաջին փուլը։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Էրիթրեան, ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ, չի մասնակցելու որակավորման փուլին։
Աղբյուրի փոխանցմամբ` ֆուտբոլի ֆեդերացիան մտավախություն ունի, որ արտագնա հանդիպումների ժամանակ ֆուտբոլիստները չեն վերադառնա իրենց հայրենիք։
«Էրիթրեայի հավաքականին մոտ կանգնած մի շարք աղբյուրների համաձայն՝ նման որոշում կայացնելու հիմնական պատճառն այն է, որ ֆուտբոլիստները չկարողանան օգտվել ազգային հավաքականի արտագնա հանդիպումներից՝ երկրից փախչելու և քաղաքական ապաստան փնտրելու նպատակով. Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆվերկի ավտորիտար ռեժիմը ցմահ զինվորական ծառայություն է պարտադրում բազմաթիվ քաղաքացիների»,- նշված է The Guardian-ի հոդվածում։
Մինչև վերջերս Էրիթրեայի հավաքականի ֆուտբոլիստները կանոնավոր պատրաստվում էին Մարոկկոյի դեմ կայանալիք առաջիկա հանդիպմանը, սակայն հոկտեմբերին նրանց ծանուցվել է, որ չեն մասնակցելու որակավորման փուլին։
Հատկանշական է, որ ֆեդերացիայի կողմից այդ մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել։
Այժմ Էրիթրեիայի հավաքականի` որակավորման փուլի շրջանակում կայանալիք բոլոր հանդիպումները չեղարկվել են։
Էրիթրեան որակավորման փուլի շրջանակում ընդգրկված էր E խմբում և, բացի Մարոկկոյից, պետք է մրցեր նաև Տանզանիայի, Կոնգոյի, Նիգերի ու Զամբիայի ընտրանիների դեմ։
Հավելենք, որ Էրիթրեան 2020 թ. ի վեր որևէ հանդիպում չի անցկացրել և հեռացված է ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակից։
Վերջում ավելացնենք, որ 2022 թվականին հայտնի դարձավ, որ անցնող 13 տարիների ընթացքում Էրիթրեայից փախել են տարբեր հավաքականներում հանդես եկող ավելի քան 60 ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Էրիթրեայի հավաքական, Մունդիալ-2026