Էվերտոնը ցանկանում է, որ լիովին բացահայտվի այն տեղեկատվությունը, որը Սիթին փոխանցել է ԱՊԼ-ին
Ինչպես գիտեք, դեկտեմբերի 28-ին անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում պետք է կայանար «Էվերտոն» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, սակայն, «քաղաքաբնակների» շրջանակում բռնկված կորոնավիրուսի համաճարակաի պատճառով, այն հետաձգվեց։
«Էվերտոնը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել․
««Էվերտոնը» ցավում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման չեղարկման առթիվ։ Ցավում ենք ոչ միայն այն երկու հազար երկրպագուներ համար, ովքեր ներկա պետք է լինեին խաղին, այլև ամբողջ աշխարհում «Էվերտոնի» երկրպագուների համար։
Մեր խաղացողները, մարզիչները և բոլորը «Գուդինսոն Պարկում» պատրաստ էին հանդիպմանը, քանի որ խաղային օրերը օրացույցում մեզ համար ամենակարևորն են, իսկ սա կարևոր խաղ էր։
Չնայած դրան՝ «Էվերտոնը» հասարակության անվտանգությունն ամենառաջնայինն է համարել, սակայն մենք ցանկանում ենք, որ լիովին բացահայտվի այն տեղեկատվությունը, որը «Մանչեսթեր Սիթին» փոխանցել է ԱՊԼ-ի ղեկավարությանը, որպեսզի հասկանանք, թե ինչու է նման որոշում կայացվել»,- նշված է հայտարարության մեջ, որը փոխանցում է «իրիսների» պաշտոնական կայքը։
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթիի» կազմից կորոնավիրուսով վարակված են հինգ ֆուտբոլիստներ, որոնցից հայտնի են միայն Կայել Վոլքերի և Գաբրիել Ժեզուսի անունները, իսկ մյուս երեք ֆուտբոլիստների անունները մանկունյական ակումբը չի հրապարակել։
# ԱՊԼ, Էվերտոն, կորոնավիրուս, Մանչեսթեր-Սիթի