Էվերթոնից, հնարավոր է, կրկին միավորներ հանվեն
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Էվերթոնն» ու «Նոթինգհեմ Ֆորեսթը» մեղադրվում են անգլիական Պրեմիեր լիգայի ֆինանսական օրենքները խախտելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ` երեք մրցաշրջանի ընթացքում ակումբներին թույլատրված է ունենալ միայն 105 մլն ֆունտի վնաս։
Պրեմիեր լիգան հայտնել է, որ երկու թիմերն էլ հաստատել են, որ խախտել են վերոնշյալ օրենքը 2022/23 մրցաշրջանի վերջնամասում:
Այժմ ակումբների գործերը փոխանցվել են դատական մարմնի նախագահին, ով պետք է սահմանի առանձին անկախ հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն պատժամիջոցների հարցերով։
Միաժամանակ երկու ակումբներն էլ համարում են, որ ունեն համոզիչ փաստարկներ, որոնք թույլ կտան խուսափել պատժից։
«Էվերթոնը», որն արդեն բողոքարկել է Պրեմիեր լիգայի կայացրած նախորդ որոշումը (խմբ.` Պրեմիեր լիգան 2023 թ. նոյեմբերին արդեն 10 միավոր հանել է «իրիսներից»), վստահ է, որ հերթական լսումներից հետո նոր մեղադրանքները կհամարվեն անհիմն։
«Իրիսներն» արդեն հայտարարել են, որ ծախսերի ավելացումը կապված է «Գուդիսոն Պարկ» մարզադաշտի կառուցման նախագծի ֆինանսավորման համար վերցված վարկի մարման հետ։
«Նոթինգհեմ Ֆորեսթն» էլ պահանջելու է, որպեսզի ֆինանսական fair-play-ի շրջանակում ներառվի Բրենան Ջոնսոնի վաճառքից ունեցած եկամուտը, որն ակումբն ստացել է Պրեմիեր լիգայի կողմից դիտարկվող ժամանակաշրջանից միայն երկու ամիս անց։
Նշենք, որ «անտառապահները» Բրենան Ջոնսոնին 2023 թ. ամռանը «Տոտենհեմին» վաճառել են 55 մլն եվրոյի դիմաց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենան Ջոնսոն, Էվերտոն, Նոթինգհեմ Ֆորեսթ, տրանսֆերներ