Էռնեստո Վալվերդեն խոսել է Ռոմայից և Լիվերպուլից կրած պարտությունների մասին
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն համեմատել է իր նախկին թիմի «Ռոմայից» և «Լիվերպուլից» կրած հանրահայտ պարտությունները․
«Ինձ համար դրանք միանշանակ տարբեր պարտություններ են։ Հռոմում մենք մեր սկսած գործը կիսատ թողեցինք, և ես կարծում էի, որ կարող ենք շտկել իրավիճակը, իսկ Լիվերպուլում, երբ հանդիպումը նոր էր մեկնարկել, մենք գոլ բաց թողեցինք, որից այդքան խուսափում էինք։ Այդպիսի իրավիճակները հաճախ կարող են կրկնվել։
«Լիվերպուլի» դեմ առաջին խաղում մենք մեզ համար ստեղծել էինք հաղթական իրավիճակ։ Այդ ժամանակ մենք կարող էինք հաղթել նույնիսկ 4 գնդակի տարբերությամբ։
Չեմպիոնների լիգան հաղթել չափազանց բարդ է։ Ինչպես Չեմպիոնների լիգայի, այնպես էլ Եվրոպա Լիգայի և Աշխարհի առաջնության ելքերը միշտ կախված են մեկ հանդիպումից, իսկ ներքին առաջնությունները, ընդհակառակը, ցույց են տալիս, թե դու մեկ տարում ինչի ես ընդունակ։
Ներկա պահին «Լիվերպուլը» ուշադրությունը սևեռել է Պրեմիեր լիգան հաղթելու վրա, քանի որ նրանք վաղուց չեն հաղթել այդ մրցաշարը»,- բասկ մասնագետի խոսքը մեջբերում է Marca պարբերականը։
Հիշեցնենք, որ 2017/18 մրցաշրջանում կատալոնական ակումբը եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի 1/4 եզրափակիչ առաջին խաղում 4։1 հաշվով հաղթեց «Ռոմային», սակայն պատասխան խաղում 3։0 հաշվով զիջեց և լքեց պայքարը, իսկ հաջորդ մրցաշրջանի կիսաեզրափակչում առաջին խաղում 3։0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։ Պատասխան խաղում անգլիական ակումբը հաղթանակ տարավ 4։0 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ։ Հետագայում մերսիսայդյան ակումբը նվճաեց բաղձալի գավաթը։
# Բարսելոնա, Էռնեստո-Վալվերդե, Լիվերպուլ, Չեմպիոնների-լիգա, Ռոմա