Էլ-Շարավին, հնարավոր է, վերադառնա Ա Սերիա
Ստեֆան Էլ-Շարավին, ով այս պահին հանդես է գալիս չինական «Շանհայ Շենհուա» ակումբի կազմում, մտադրվել է վերադառնալ Իտալիա։
Ինչպես վստահեցնում է սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան, 28-ամյա վինգերը ցանկանում է կարիերան շարունակել հարազատ «Ռոմայի» կազմում, որի գույները պաշտպանել է 2016-2019 թվականներին։
Էլ-Շարավին ցանկանում է կրկին հայտնվել Իտալիայի ազգային հավաքականի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում՝ նպատակ ունենելով մասնակցել Եվրո-2020-ին, որը հայտնի պատճառներով կկայանա այս տարվա ամռանը։
Վերջերս լրատվամիջոցները լուրեր տարածեցին՝ կապված Չինաստանում ֆուտբոլային նոր օրենքի հետ, ըստ որի, 2021 թվականից ֆուտբոլիստների առավելագույն աշխատավարձի չափ կսահմանվի, այդ իսկ պատճառով սպասվում է լեգիոներների լուրջ արտահոսք։
Էլ-Շարավին «Ռոմայից» «Շանհայ Շենհուա» էր տեղափոխվել 2019 թվականի ամռանը` 16 մլն եվրոյի դիմաց։ Ակումբի կազմում նա մասնակցել է ընդամենը 19 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# Շանհայ Շենհուա, Ռոմա, Ստեֆան-Էլ-Շաարավի