Էլինա Ավանեսյանը կժամանի Երևան
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ժամանալու է Երևան, հայտնում է «Կերոն» զարգացման հիմնադրամը։
Ըստ աղբյուրի` Ավանեսյանը Երևան է ժամանալու հիմնադրամի, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Նա մասնակցելու է մի շարք միջոցառումների։
21-ամյա թենիսիստուհին սեպտեմբերի 16-ին Երևանի Incourt Tennis Club-ում մամուլի ասուլիս կտա, որից հետո հանդիպելու է արցախցի երեխաների հետ, կկիսվի իր ընտանիքի պատմությամբ և նրանց կհանձնի նվերներ:
Ավանեսյանը թենիսով զբաղվող երեխաների համար վարելու է նաև վարպետաց դաս, կկիսվի խորհուրդներով ու մարզումային հնարքներով։
Բացի այդ, նա սեպտեմբերի 17-ին մասնակցելու է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի սպորտի և մշակույթի ապագայի վերաբերյալ պանելային քննարկմանը։
Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը ծնունդով Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքից է։ Նա վերջերս ստացել է ՀՀ անձնագիր և մրցաշարերում արդեն ներկայացնում է Հայաստանը։ Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում այժմ 50-րդ տեղում է, ինչը նրա կարիերայի լավագույն ցուցանիշն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# WTA, Էլինա Ավանեսյան, Թենիս