Էդգար Մովսեսյան․ «Ես իմ գործն եմ կատարում, մարզիչները՝ իրենց․ մի օր անպայման կհրավիրվեմ հավաքական»։
<<Վանի>> լավագույն ֆուտբոլիստներից մեկի մասին վերջերս խոսակցություններ էին պտտվում։ Մեծ ալիք բարձրացավ, թե ինչու չի հրավիրվել Հայաստանի ազգային հավաքականի ընկերական խաղերին Էդգար Մովսեսյանը։ Interfootball-ը զրուցել է <<Վանի>> առաջատարներից մեկի՝ Էդգար Մովսեսյանի հետ՝ <<Վանից>> մինչև Ռումինիա։
Էդգար, դուք «Վանում» փայլուն եք սկսել այս մրցաշրջանը։ Հասցրել եք խփել 7 գոլ և այս պահին Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն հայ ռմբարկուն եք։ Ի՞նչ կասեք Ձեր այս փայլուն մարզավիճակի մասին։
—Ցանկացած հաջողության հետևում միշտ կանգնած է աշխատասիրությունը և և հաջողության հասնելու մեծ ցանկությունը։ Սա ոչ միայն իմ հաջղությունն է, այլև թիմակիցներիս, քանի որ նրանք նույնպես օգնում են ինձ, որպեսզի ավելի շատ գոլեր հեղինակեմ։
«Վանը» այս տարի համեմատաբար ավելի լավ է մեկնարկել և թիմը, Արթուր Ասոյանի գլխավորությամբ, բավականին հետաքրքիր խաղ է ցույց տալիս։ Ի՞նչ նպատակ ունի «Վանը» այս մրցաշրջանում:
—Մեր նպատակը եվրագավաթներում խաղալն է։ Ամեն խաղի դուրս ենք գալիս դաշտ, որպեսզի հասնենք մեր առջև դրված նպատակներին։
Ձեր հիմնական կարիերան Հայաստանում է ընթացել և այժմ էլ ընթանում է։ Ի՞նչ կարծիք ունեք հայկական ֆուտբոլի մասին։
—Այո՛, ես սկսել եմ իմ կարիերան <<Բանանց>> ֆուտբոլային ակումբում(ներկայիս՝<<Ուրարտու>>) 11 տարեկանից, սակայն առաջին քայլերս կատարել եմ Իջևանի <<Աչաջուր>> գյուղի թիմում, որը իմ ծննդավայրն է։ Կարող եմ ասել, որ հայկական ֆուտբոլը մեծ առաջընթաց է գրանցել, շատ է բարձրացել առաջնության մակարդակը, և, կարծում եմ, որ ապագայում շատ ավելի կուժեղանա։
Էդգար, խնդրում եմ ասեք Հայաստանում ֆուտբոլ խաղալու մեկ դրական և բացասական հատկանիշ։
—Իմ կարծիքով դրական կողմերից մեկն այն է, որ լավ արդյունքներ ցուցադրելու մեծ հավանականություն կա ավելի առաջ գնալու և ավելի լավ թիմերում խաղալու։ Լավ խաղալու դեպքում նաև հնարավորություն կունենաս հրավիրվելու Հայաստանի ազգային հավաքական, քանի որ մարզչիների ուշադրություն կենտրոնում են ֆուտբոլիստները։ Իսկ բացասականը այն է, որ պետք է մարզերում ավելի շատ զարգացնեն ֆուտբոլը որպեսզի տեղի ֆուտբոլիստները նույնպես ունենան հնարավորություն՝ իրենց դրսևորելու և նպատակներին հասնելու համար, քանի որ շատ լավ ֆուտբոլիստներ կան ոչ միայն Երևանում, այլև մարզերում։
Խոսելով հայկական ֆուտբոլից՝ այս հարցը աչքաթող անել չէր լինի։ Բերեզովսկին և մարզչական շտաբը չէին ներառել ձեզ հայտացուցակում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս որոշումը։
—Միշտ էլ իմ նպատակն է եղել մի օր կրել Հայաստանի ազգային հավաքականի խաղաշապիկը և բոլոր ուժերս ներդնել հաղթանակի համար։
Որևէ կերպ չեմ ուզում մեկնաբանել այս որոշումը, քանի որ ես իմ գործն եմ կատարում, իրենք՝ իրենցը։ Սակայն, հուսով եմ՝ մի օր անպայման կհրավիրվեմ ազգային հավաքական։
Դուք խաղացել եք նաև «Փյունիկում» և, վստահ եմ, որ տեսել եք նրանց այս տարվա եվրագավաթային հաջողությունները։ Ի՞նչ կասեք նրանց մասին։
—Այո՛, <<Փյունիկը>> շատ ուժեղ թիմ է, այնտեղ պրոֆեսիոնալ մակարդակի վրա է գրեթե ամեն ինչ։ Սրա շնորհիվ էր նաև, որ նրանք մեծ հաջողություն ունեցան։
Դուք խաղացել եք նաև ռումինական «Ֆորեստա Սուչավի» կազմում։ Ի՞նչ սովորեցինք` Եվրոպայում խաղալով։ Իսկ բացի այդ թիմից՝ այլ հրավեր Եվրոպայից չե՞ք ունեցել, և եթե կարող եք, նշեք նաև այդ թիմը։
—Այդ ժամանակ դեռ 18 տարեկան էի և շատ դժվար ադապտացվեցի այդ թիմում նաև թղթաբանական որոշ խնդիրներ եղան, մինչ սկսեցի խաղալ թիմում։ Կարծում եմ՝ ինչ-որ օգուտ ստացել եմ՝ խաղաալով այնտեղ։ Դրանից հետո եղել են առաջարկներ, սակայն կոնկրետ չեն եղել, այդ իսկ պատճառով չեմ ցանկացել տեղափոխվել։
Ո՞վ է Ձեր այն թիմակիցը, ում հետ դուք կարողանում եք, ֆուտբոլային կերպ ասած, իրար շատ լավ հասկանալ։
—Կոնկրետ ֆուտբոլիստի կդժվարանամ նշել, քանի որ այն թիմերում, որտեղ խաղում էի, կիսապաշտպանները հիմնականում գիտեին, թե ինչպես համագործակցենք։ բայց կա մեկ ֆուտբոլիստ, ում հետ խաղալը ինձ համար մեծ հաճույք էր պատճառում։ Էրիկ Վարդանյանն է, ում տաղանդը աննկարագրելի է։ Ցավոք, նա ծնկի վնասվածք ունի։ Տա Աստված, որ այդ վնասվածքից ապաքինվի և սկսի հաճույք պատճառել երկրպագուներին իր խաղով։
Ընդամենը օրեր անց Աշխարհի առաջնությունն է։ Ո՞ր հավաքականին եք երկրպագելու։
—Երկրպագելու եմ Բրազիլիայի հավաքականին։ Կարծում եմ՝ նրանք ֆավորիտ են Աշխարհի առաջնությունում։
Հարցազրույցը վարեց Սամվել Մխիթարյանը
# Էդգար Մովսեսյան, Պրեմիեր լիգա, Սամվել Մխիթարյան, Վան