Երիտասարդական և Մ23 ԵԱ. Հայաստանը հաղթեց մեդալային հաշվարկում 📸
Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտված ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը հաղթեց մեդալային հաշվարկում։
Հայ ծանրորդները նվաճեցին երկամարտի 13 մեծ մեդալ` 7 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե։
Երկրորդ տեղը 16 մեդալով զբաղեցրեց Թուրքիայի թիմը` 5 ոսկի, 8 արծաթ ու 3 բրոնզ։ Չորրորդը 10 մեդալով (4-ական ոսկի ու արծաթ, 2 բրոնզ) Վրաստանն է։
Հայաստանի թիմից չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (երիտասարդներ, 58կգ), Տիգրան Կարապետյանը (երիտասարդներ, 71կգ), Էմմա Պողոսյանը (երիտասարդներ, 86կգ), Գառնիկ Չոլակյանը (Մ23, 60կգ), Գարիկ Կարապետյանը (Մ23, 110կգ), Աշոտ Մովսիսյանը (Մ23, +110կգ) և Լիանա Գյուրջյանը (Մ23, 86կգ)։
Արծաթե մեդալակիր են դարձել Նարեկ Գրիգորյանը (երիտասարդներ, 71կգ), Նարեկ Մկրտչյանը (երիտասարդներ, 79կգ) և Մնացական Աբրահամյանը (Մ23, 94կգ), իսկ Մերի Միսակյանը (երիտասարդներ, 69կգ), Աննա Ամրոյանը (երիտասարդներ, 77կգ) և Գոռ Սահակյանը (երիտասարդներ, 71կգ)` բրոնզե մեդալակիր։
Առանձին վարժությունները ներառյալ մեդալային հաշվարկի պայքարում նույնպես հաղթել են հայ ծանրորդները, որոնք նվաճել են 39 մեդալ` 20 ոսկի, 10 արծաթ ու 9 բրոնզ։
Երկրորդը 50 մեդալով (19 ոսկի, 19 արծաթ ու 12 բրոնզ) Թուրքիայի հավաքականնն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

