Եվրո 2020-ի ժամանակ կփորձարկվեն ձեռքով խաղի նոր կանոններ
Եվրո-2020-ի մեկնարկին մնացել են ընդամենը հաշված օրեր։ Սովորաբար, նման մեծ մրցաշարերը ոչ միայն դառնում են այդ տարվա զարդը, այլև դրանց ընթացքում կիրառության մեջ են դրվում նաև նոր ֆուտբոլային օրենքներ։ Այս ստուգատեսն էլ բացառություն չի լինի, քանի որ դրա շրջանակում կփորձարկվեն ձեռքով խաղի նոր կանոններ։
Բոլորին է նյարդայնացնում այն փաստը, երբ գոլ է գրանցվում, սակայն այն չի արձանագրվում, քանի որ գնդակը պատահմամբ դիպչել է գրոհող կողմի ֆուտբոլիստներից մեկի ձեռքին։ Այժմ այս օրենքը վերամշակվել է։
Դեռևս սույն թվականի մարտին IFAB-ն (Ֆուտբոլային ասոցիացաների միջազգային խորհուրդ), որը զբաղվում է ֆուտբոլային կանոնների մշակմաբ ու ընդունմամբ, ներկայացրեց ձեռքով խաղի կանոնների նոր խմբագրումը։ Նոր կանոնները գործի են դրվելու 2021 թվականի հուլիսի 1-ից, սակայն հունիսի 11-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությունը կանցնի թարմացված կանոններով։
«Եթե գոլային կամ դրան նախորդած դրվագում պատամամբ դիպչի գրոհող կողմի ֆուտբոլիստներից մեկի ձեռքին, ապա այն այլևս չի համարվի կանոնների խախտում»,- ասված է IFAB-ի պաշտոնական կայքում։
Հարձակվող կողմի մոտ ձեռքով խաղ արձանագրվում է եթե
- նա դիտավորյալ դիպել է գնդակին ձեռքով, օրինակ, ձեռքով շարժում է կատարել դեպի գնդակը,
- ձեռքով դիպել է գնդակին, ինչի շնորրհիվ մարմնի մակերեսն ակնհայտորեն մեծացել է,
- ձեռքի բնական դիրքից դուրս շարժում կատարելու դեպքում. այդ դեպքում ֆուտբոլիստն է մեղավոր,
- ձեռքով խաղից հետո գնդակն անմիջապես, թեկուզ պատահմամբ, հայտնվել է դարպասում. խոսքը նաև դարպասապահների մասին է, եթե, իհարկե, նա գնդակը սեփական կիսադաշտից չի նետել դեպի մրցակցի դարպասը,
- գնդակը հայտնվել է դարպասում ձեռքին դիպչելուց անմիջապես հետո։ Այսինքն, գոլից անմիջապես առաջ ձեռքին հպումը բերել է գնդակի կասեցման կամ մշակման կամ հպումից անմիջապես հետո այն հայտնվել է խաղընկերոջ մոտ, ով գոլ է հեղինակել. նման իրավիճակում նույնպես պատահական հպումը համարվում է ձեռքով խաղ։
Վերոնշյալից կարելի եզրակացնել, որ գրոհի ընթացքում պատահական գնդակին հպումը թույլատրվում է, բայց եթե անմիջականորեն բերել է գոլի, ապա չի թույլատրվում։
Ինչո՞ւ են որոշ բաներ փոխել
IFAB-իմարտյան հավաքը տեղի ունեցավ ԱՊԼ-ում տեղի ունեցած սկանդալային դրվագից անմիջապես հետո. «Ֆուլհեմի» գոլը չեղարկվեց այն բանից հետո, երբ մրցակցի պաշտպանները փորձում էին գնդակը հեռացնել, ինչից հետո այն դիպավ Մարիո Լեմինային ձեռքին ու հայտնվեց Ջոշ Մաջայի մոտ, ով գրավեց դարպասը, սակայն այն չեղարկվեց Լեմինայի ձեռքով խաղի պատճառով։
IFAB-ի վերոնշյալ գագաթաժողովի ընթացքում նախկին մրցավար Պիերլուիջի Կոլինան նշել է.
«Վերջին մի քանի տարիներին կազմակերպությունն սկսել է ավելի պարզ բացատրել փոփոխությունները, որոնք ներառվում են կանոններում, սակայն, դրան զուգահեռ, ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչ տեղի ունեղավ «Քրեյվեն Քոթեջում» (խմբ – «Ֆուլհեմի» մարզադաշտն է)»։
Եվրո 2020-ից անմիջապես առաջ ՈւԵՖԱ-ի մրցավարների ղեկավար Ռոբերտո Ռոզետին հաստատեց, որ թարմացված կանոնները կսկսեն գործել ամառվա ֆուտբոլային գլխավոր մրցաշարի ժամանակ.
«Այնպես, ինչպես փոխվել են կանոնները ավելի է համապատասխանում խաղի ոգուն և ֆուտբոլիստներին դաշտում տալիս է ավելի մեծ ազատություն»,- հայտարարել է Ռոզետին։
Իտալացի նախկին մրցավարը բացատրել է նաև, թե Եվրոյի ընացքում ինչպես է գործելու VAR համակարգը. խաղից դուրս իրավիճակի պարզաբանման ժամանակ կցուցադրվի միայն եզրափակիչ գիծը, այլ ոչ ԱՊԼ-ի նման, որտեղ գիծը գծվում է հենց հեռարձակման ժամանակ, իսկ VAR համակարգի սենյակում աշխատող տեսահամակարգի պատասխանատուները գլխավոր մրցավարին կուղղեն միայն ակնհայտ սխալների դեպքում։
«Մենք առաջարկներ ունենք վիդեոասիստենտների համար այն պարագայում, թե երբ պետք է միջամտել խաղին։ Բայց ֆուտբոլում լինում են «անգույն» դրվագներ, երբ մտածում ենք, որ ավելի լավ կլինի թողնել այնպես, ինչպես որոշել է գլխավոր մրցավարը»,- եզրափակել է Ռոբերտո Ռոզետին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, ԵՎՐՈ-2020, Պիերլուիջի Կոլինա, Ռոբերտո Ռոզետի