Եվրոպական մի շարք երկրներ սպառնում են լքել ՖԻՖԱ-ն, եթե ԱԱ-ն սկսի անցկացվել 2 տարին մեկ
Եվրոպական մի շարք ֆուտբոլային ասոցիացիաների և ՖԻՖԱ-ի միջև հարաբերություններն էականորեն լարվել են։
Բանն այն է, որ ՖԻՖԱ-ն ցանկանում է օրինագիծ մշակել, ըստ որի, ֆուտբոլի աշխարհի առաջնությունները 2026 թ. սկսած անցկացվելու են յուրաքանչյուր 2 տարին մեկ։
Այդ ամենով պայմանավորված` եվրոպական մի շարք երկրներ սպառնում են դուրս գալ ՖԻՖԱ-ից, եթե այդ գաղափարը կյանքի կոչվի։
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, ավելի քան 12 եվրոպական երկրներ արդեն ՈՒԵՖԱ-ին տեղյակ են պահել իրենց` ՖԻՖԱ-ից դուրս գալու մտադրության մասին։
Հատկանշական է, որ ՖԻՖԱ-ից դուրս գալը չի խոչընդոտի տվյալ երկրների ակումբներին ու հավաքականներին մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։
Օրինակ` Ջիբրալթարը ՈՒԵՖԱ-ի անդամ է դարձել 2013 թ. և 3 տարի առանց խնդրի մասնակցել է նրա հովանու ներքո անցկացվող մրցաշարերին, ինչից հետո միյան 2016 թ. դարձել է նաև ՖԻՖԱ-ի անդամ։
Միևնույն ժամանակ, ֆեդերացիաները չեն կարողանա լքել ՖԻՖԱ-ն մինչեւ 2022 թվականի հունվար: Կազմակերպության կանոնադրության 18-րդ հոդվածում նշվում է, որ եթե որևէ ասոցիացիա ցանկանում է դուրս տալ ՖԻՖԱ-ից, ապա այդ մասին պետք է տեղեկացնի` ծանուցագիր ուղարկելով օրացուցային տարվա ավարտից վեց ամիս առաջ:
Այս թեմայի հետ կապված` առաջինը դեմ են արտահայտվել Շվեդիայի, Ֆարերյան Կղզիների, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի և Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիաները։
Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է համատեղ հայտարարություն, որի շրջանակում նշվում է, որ նրանք դեմ են ինչպես եվրոպական Սուպերլիգայի, այնպես էլ աշխարհի առաջնության յուրաքանչյուր 2 տարին մեկ անցկացնելու գաղափարին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի առաջնություն, Սուպերլիգա, ՖԻՖԱ