Եվրոպական գրանդը պատրաստ է աստղաբաշխական հավելավճար վճարել Ասենսիոյին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանա «արքայական» ակումբից։
Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, և կան տեղեկությունները, որ դրա երկարաձգման շուրջ իսպանացի ֆուտբոլիստն ու «սերուցքայինները» չեն կարողանում համաձայնության հասնել։
Ինչպես հայտնում է El Debate-ն, Ասենսիոյի տարեկան աշխատավարձն այժմ 4.5 մլն եվրո է։ «Ռեալը» 2022 թ. դեկտեմբերին նրան առաջարկել է 4 տարվա պայմանագիր և աշխատավարձի բարելավում` 4.8 մլն եվրո։
Այդուհանդերձ, 27-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալին» հայտնել է, որ 5.5 մլն եվրոյից քիչ աշխատավարձ չի ցանկանում վաստակել իր հաճախորդը։
Դրան զուգահեռ, «արքայական» ակումբը չի ցանկանում որևէ զիջման գնալ և պատրաստ չէ Ասենսիոյին 5 մլն եվրոյից ավելի աշխատավարձ վճարել։
Ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել ՊՍԺ-ն, որը պատրաստ է 15 մլն եվրո հավելավճար վճարել իսպանացի կիսապաշտպանին, եթե վերջինս փարիզյան ակումբի շարքերը համալրի ազատ գործակալի կարգավիճակով։
«Ռեալն», ամեն դեպքում, հերքում է, որ «Պարի Սեն-Ժերմենը» հունվարին հետաքրքրություն է ցուցաբերել Ասենսիոյի նկատմամբ և տրանսֆերի վերաբերյալ որևէ առաջարկ չի կատարել։
Այդուհանդերձ, պետք է փաստենք, որ Մարկո Ասենսիոն այժմ իրավունք ունի, առանց «Ռեալին» տեղյակ պահելու, բանակցություններ վարել այլ ակումբի հետ, քանի որ գործող պայմանագրի ավարտին մնացել է 6 ամսից քիչ։
Հավելենք, որ Մարկո Ասենսիոն «Ռեալի» շարքերը համալրել է 2015 թ. հուլիսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 261 հանդիպում` դառնալով 53 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժորժե Մենդեշ, Մարկո Ասենսիո, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ