Դրամա «Սթեմֆորդ Բրիջում». Տոտենհեմը 90+րդ րոպեին ոչ-ոքի կորզեց Չելսիի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ «Չելսին» մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից «ազնվականները» տիրեցին նախաձեռնությանն ու շատ ավելի լավ տեսք ունեին և արդեն 19-րդ րոպեին բացեցին հաշիվը. անկյունայինի խաղարկումից հետո մեկ հպումով կատարած հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Կալիդու Կուլիբալին։
Նշենք, որ սենեգալցի պաշտպանը «Չելսիի» շարքերը համալրելուց հետո խփեց իր առաջին գոլը։
Խփած գոլից հետո էլ Թոմաս Տուխելի թիմը շարունակում էր ունենալ տարածքային լուրջ առավելություն, սակայն նախքան ընդմիջման գնալը նոր գոլեը չարձանագրվեցին։
Երկրորդ կեսում «Տոտենհեմն» սկսեց ավելի համարձակ ֆուտբոլ խաղալ` ստեղծելով երկու իրական գոլային պահ, սակայն Հին Մին Սոնն ու Հարի Քեյնը վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Դրան զուգահեռ, տանտերերը նույնպես շարունակում էին ակտիվ գործել հարձակման կրակածայրում։
Հատկապես հիշատակման է արժանի Ռահիմ Սթերլինգի դրվագը, երբ անգլիացի վինգերը նպաստավոր դիրքից շեղ հարվածեց։
Խաղակեսի միջնամասում խաղը մասամբ հանգստսցել էր, սակայն 68-րդ րոպեին «խցանները» բազմաքայլ գրոհ զարգացրին, որը բիլիարդային հարվածով եզրափակեց Պիեր-Էմիլ Հոյբերգը։
Բաց թողած գոլից անմիջապես հետո «Չելսին» կրկին ակտիվացավ և արդեն 75-րդ րոպեին կարող էր կրկին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Կայ Հավերցը վրիպեց անչափ մոտ տարածությունից։
Ամեն դեպքում, Տուխելի թիմը հաջորդ իսկ վտանգավոր գրոհի ժամանակ հաշվիը դարձրեց 2:1. 77-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռիս Ջեյմսը` եզրափակելով Սթերլինգի փոխանցումը։
Խաղավերջում «Չելսին» խաղը հանգստացրեց և թվում էր` «ազնվականները» հաղթանակ կտոնեն, սակայն 90+6-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Հարի Քեյնը ոչ-ոքի կորզեց «Տոտենհեմի» համար` ապահովելով հանդիպման դրամատիկ ավարտը։
Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, ինչից հետո «Չելսին» վաստակեց 4 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Անտոնիո Կոնտեի թիմը նույնպես ունի 4 միավոր, սակայն «Տոտենհեմը» լրացուցիչ ցուցանիշեներով 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Թոմաս ՏՈւխել, Կալիդու Կուլիբալի, Հարի Քեյն, Չելսի, Պիեր-Էմիլ Հոյբերգ, Ռիս Ջեյմս, Տոտենհեմ