Դրամա «Ուեմբլիում». Ավստրիան կռվեց, սակայն «սկուադրա աձուրան» մեծ դժվարությամբ կոտրեց նրա դիմադրությունը🎥
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Ավստրիայի ընտրանու դեմ։
Ինչպես և սպասվում էր, հանդիպման առաջին կեսն անցավ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստների տարածքային և խաղային լուրջ առավելությամբ, որի ֆուտբոլիստները նախքան ընդմիջման գնալն ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր։
Հատկապես հիշատակման են արժանի Նիկոլո Բարելայի և Չիրո Իմոբիլեի դրվագները. Բարելայի հարվածից հետո Ավստրիային փրկեց դարպասապահ Դանիել Բախմանը, իսկ Իմոբիլեն հարվածեց դարպասաձողին։
Ամեն դեպքում, չնայած առավելությանը, «սկուադրա աձուրան» չկարողացավ հաղթողի կարգավիճակով գնալ ընդմիջման։
Երկրորդ կեսն ավստրիացիները շատ ավելի ակտիվ սկսեցին և 51-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը։
Ֆրանկո Ֆոդայի սաները նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել, սակայն Դավիդ Ալաբայի հարվածից հետո գնդակը մի փոքր բարձր ընթացավ։
66-րդ րոպեին Ավստրիայի հավաքականը, ի վերջո, բացեց խաղի հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը, խաղից դուրս իրավիճակի պատճառով, չեղարկեց Մարկո Արնաուտովիչի գոլը։
Այդ դրվագից հետո Ռոբերտո Մանչինին երկու փոփոխություն կատարեց, փորձեց վերադասավորել իր թիմի խաղը, ինչն էլ նպաստեց, որ իտալացիները մի քանի կիսագոլային պահեր ստեղծեցին, սակայն Ֆոդայի թիմը շատ գրագետ էր գործում և նույնիսկ հարմար պահերին «կծում» էր մրցակցին։
Խաղավարտն էլ բավական լարված անցավ երկու հավաքականների համար։ Ճիշտ է, հաճախ բանը չէր հասնում իրական գոլային պահերին, սակայն ամեն անգամ կողմերը լավածություն էին ստեղծում մրցակցի համար, երբ գնդակը հասցնում էին տուգանային հրապարակ։
Իտալիայի հավաքականը երկրորդ կեսում չուներ այն առավելությունը, ինչ առաջին խաղակեսում. նրա գրոհները շատ միանման էին դարձել, որոնք ավստրիացիները հանգիստ կարդում էին։
Բացի դրանից, Ֆրանկո Ֆոդայի սաները լրիվ հավասար ֆուտբոլ ցուցադրեցին երկրորդ կեսում, ինչն էլ նպաստեց, որ հանդիպման հիմնական ժամանակում այդպես էլ գոլեր չտեսանք, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ առաջին խաղակեսի մեկնարկում «սկուադրա աձուրան» սկսեց կրկին ճնշել և 95-րդ րոպեին, երկար տանջանքներից հետո, բացեց խաղի հաշիվը. Լեոնարդո Սպիանցոլայի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Ֆեդերիկո Կիեզան գեղեցիկ հնարքով խաբս տվեց Կոնրադ Լայմերին ու մոտ տարածությունից գրավեց Բախմանի պաշտպանի դարպասը։
104-րդ րոպեին «կապույտները» կարող էին կրկնապատկել հաշվի տարբերությունը, սակայն Լորենցո Ինսինյեի իրացարծ տուգանային հարվածից հետո Դանիել Բախմանը մեծ դժվարությամբ փրկեց իր թիմին։
Սակայն, հաջորդ իսկ գրոհին հաշիվը դարձավ 2:0. 105-րդ րոպեին խառնաշփոթ իրավիճակում առաջինը կողմնորոշվեց Մատեո Պեսինան, ով էլ մոտ տարածությունից դարձավ գոլի հեղինակ։
Լրացուցիչ երկրորդ խաղակեսում ավստրիացիները փորձեցին ինչ-որ կերպ բեկել հանդիպումը և 115-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեցին. անկյունայինի խաղարկունից հետո գլխի հիանալի հարվածով աչքի ընկավ Սաշա Կալայջիչը։
Ավստրիացիներին ավելին անել չհաջողվեց, իսկ խաղն այդպես էլ ավարտվեց` 2:1
Այսպիաով, Իտալիայի հավաքականը մեծ դժվարությամբ 2:1 հաշվով հաղթեց Ավստրիային և նվաճեց Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Բելգիա – Պորտուգալիա զույգի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիել Բախման, Դավիդ Ալաբա, ԵՎՐՈ-2020, Էնթոնի Թեյլոր, իտալիայի հավաքական, Լեոնարդո Սպինացոլա, Մարկո Արնաուտովիչ, Նիկոլո Բարելա, Ուեմբլի, Չիրո Իմոբիլե, Ռոբերտո Մանչինի, Ֆեդերիկո Կիեզա, Ֆրանկո Ֆոդա