Դրամա Թուրինում. Վիլյառեալը հերոսանում է` պայքարից դուրս թողնելով Յուվենտուսին🎥

Դրամա Թուրինում. Վիլյառեալը հերոսանում է` պայքարից դուրս թողնելով Յուվենտուսին🎥

17/03/2022 - 01:53

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Վիլյառեալի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հենց մեկնարկից «բյանկոներիները» տիրեցին նախաձեռնությանը. վտանգավոր պահերը հաջորդում էին մեկը մյուսին։

Այդուհանդերձ, հյուրերը պաշտպանվում էին անձնուրած, իսկ հարկ եղած դեպքում «դեղին սուզանավին» փրկում էր դարպասապահ Խերոնիմո Ռուլին։

Դրան գումարվեց նաև այն, որ նպաստավոր դիրքերից վրիպեցին Դուշան Վլահովիչն ու Ալվարո Մորատան։

Ամեն դեպքում, առաջին կեսում այդպես էլ չբացվեց խաղի հաշիվը։

Երկրորդ կեսն էլ հիմնականում անցնում էր դիրքային պայքարում` առանց իրական գոլային պահերի։

Կողմերը չէին ցանկանում ռիսկի դիմել, սակայն «Վիլյառեալը», որը ողջ հանդիպման ընթացքում ոչինչ չէր առաջարկել մրցակցին, 76-րդ րոպեին, ինչպես ամրոպ անամպ երկնքում, Դանիելե Ռուգանիի կանոնների խախտումից հետո 11-մետրանոց վաստակեց։

Ունայի Էմերիի թիմը, կատարած առաջին իսկ դիպուկ հարվածով, բացեց հանդիպման հաշիվը. աչքի ընկավ Ժերար Մորենոն։

Բաց թողած գոլից հետո Մասիմիլիանո Ալեգրին անմիջապես դիմեց փոփոխությունների օգնությանը` փորձելով բեկել դիմակայության ընթացքը, սակայն, ապարդյուն։

Դեռ ավելին` 84-րդ րոպեին «Վիլյառեալը» Պաու Տորեսի ջանքերով անկյունայինի խաղարկումից հետո կրկնապատկեց առավելությունը։

Թուրինյան ակումբի ձախողումը շարունակվեց 90-րդ րոպեին, երբ գլխավոր մրցավար Շիմոն Մարչինյակը ևս մեկ 11-մետրանոց հարված նշանակեց «Յուվենտուսի» դարպասին, որը դիպուկ իրացրեց արդեն Արնո Դանժուման, ով հաշիվը դարձրեց 3:0։

Ի վերջո, «դեղին սուզանավը» հերոսացավ և ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:1 հաշվով ու նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023