Դրամա «Էթիհադում». Հալանդը 90+5-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Ման. Սիթիին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։
«Քաղաքաբնակները» հանդիպման հաշիվը բացեցին բավական արագ . 16-րդ րոպեին աչքի ընկավ Խուլիան Ալվարեսը։
Թվում էր` Պեպ Գվարդիոլայի սաները հերթական հեշտ հաղթանակն են տոնելու, սակայն 26-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ժոաո Կանսելուն վերջին հույսի խախտում թույլ տվեց «Ֆուլհեմի» կիսապաշտպան Հարի Վիլսոնի նկատմամբ։
Հանդիպման գլխավոր մրցավար Դարեն Ինգլենդը նախ դաշտից հեռացրեց Կանսելուին, ապա «Սիթիին» պատժեց 11-մետրանոցով, որը դիպուկ իրացրեց Անդրեաս Պերեյրան։
Նույնսիկ 10 ֆուտբոլիստներով էլ «Սիթին» շարունակում էր տիրել նախաձեռնությանը, սակայն նախքան ընդմիջում չհաջողվեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ։
Երկրորդ խաղակեսում էլ տանտերերն ունեին տարածքային և խաղային առավելություն, սակայն Գվարդիոլայի թիմին չէր հերիքում սրությունը։
Ամեն դեպքում, «Սիթիի» ֆուտբոլիստներին հաջողվեց հաղթանակ կորզել խաղավերջում։
90+5-րդ րոպեին «հովեկների» պաշտպան Էնթոնի Ռոբինսոնը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Կևին դե Բրույնեի նկատմամբ, ինչից հետո Դարեն Ինգլենդը 11-մետրանոց նշանակեց արդեն «Ֆուլհեմի» դարպասին։
Նշակետին մոտեցավ փոխարինման դուրս եկած Էրլինգ Հալանդն ու հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Սիթիին»։
Նորվեգացի գոլահարը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գնդակների քանակը հասցրեց 18-ի և շարունակում է գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» ծանր պայքարում 2:1 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին», ինչից հետո վաստակեց 32 միավոր և գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Ֆուլհեմը», 19 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեաս Պերեյրա, ԱՊԼ, Էրլինգ Հալանդ, Խուլիան Ալվարես, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ֆուլհեմ