Դրամա Բելգրադում. Մաքքաբին 90-րդ րոպեին գրանցված  ինքնագոլի շնորհիվ նվաճեց ՉԼ խմբային փուլի ուղեգիր🎥

Դրամա Բելգրադում. Մաքքաբին 90-րդ րոպեին գրանցված ինքնագոլի շնորհիվ նվաճեց ՉԼ խմբային փուլի ուղեգիր🎥

24/08/2022 - 01:28

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Մաքքաբի Հայֆան»` Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում, մրցեց «Ցրվենա Զվեզդայի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Իսրայելը ներկայացնող ակումբը հաղթել էր 3:2 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա սերբական ակումբն այն մեկնարկեց բավական հարվածային և առաջին կեսի ընթացքում երկու գնդակի առավելություն ստացավ. 27-րդ և 43-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ալեքսանդր Պեշիչն ու Միրկո Իվանիչը։

Այդուհանդերձ, Հայֆայից ժամանած հյուրերը նախքան ընդմիջման գնալը կրճատեցին հաշվի տարբերությունը։

Հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը 45+3-րդ րոպեին «Ցրվենա Զվեզդայի» դարպասին 11-մետրանոց նշանակեց։ Գնդակին մոտեցավ Դոլև Խազիզան, ում հարվածից հետո տանտերերի դարպասապահ Միլան Բորյանը փրկեց իր թիմին, սակայն «Մաքքաբիի» գրոհը շարունակվեց, ինչի արդյունքում Դանիել Սունդգրենը հաշիվը դարձրեց 1:2։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին Դեյան Ստանկովիչի սաների առավելության պայմաններում` 2:1 հաշվով։

Երկրորդ խաղակեսի մեծ մասն էլ անցավ հյուրերի տարածքային ու խաղային առավելության պայմաններում, սակայն երկար ժամանակ Բախար Բարակի թիմին չէր հաջողվում խփել երկրորդ պատասխան գնդակը։

Թվում էր` հանդիպման հիմնական ժամանակում «Ցրվենան» կհաղթի 2:1, ինչից հետո խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժանանակ, սակայն 90-րդ րոպեին «Մաքքաբիի» ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. տուգանային հարվածի խաղարկումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի հարձակվող Միլան Պավկովը։

Խաղավերջում սերբական ակումբը նետվեց առաջ` կորցրածը հետ բերելու, ստեղծեց իրական գոլային պահ, սակայն Միրկո Իվանիչի հարվածից հետո «Մաքքաբիին» փրկեց դարպասապահ Ջոշ Կոենը։

Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 2:2, ինչի շնորհիվ «Մաքքաբի Հայֆան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:4 հաշվով։

Հավելենք, որ իսրայելական ակումբը 2009/10 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Նշենք, որ «Ցրվենա Զվեզդան» էլ պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խմբային փուլում

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023