Դրամա «Ավիվայում». Հայաստանի հավաքականը գոլառատ խաղում պարտվեց Իռլանդիային 🎥
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում մրցեց Իռլանդիայի ընտրանու դեմ։
Մինչև հանդիպման 71-րդ րոպեն Հայաստանի հավաքականի խաղում ոչինչ չէր ստացվում և Խոակին Կապառոսի թիմը պարտվում էր 0:2 հաշվով։
Տանտերերի կազմից 18-րդ ու 52-րդ րոպեներին աչքի էին ընկել համապատասխանաբար Ջոն Էգանն ու Մայքլ Օբաֆեմին։
Այդուհանդերձ, մեր ընտրանին սառը ցնցուղ էր պատրաստել իռլանդացիների համար` երկու րոպեում ոչ միայն կրճատելով, այլև հավասարեցնելով հաշիվը. 71-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը, իսկ 73-րդ րոպեին` Էդուարդ Սպերցյանը։
83-րդ րոպեին աչքի ընկնելուն շատ մոտ էր Խորեն Բայրամյանը, սակայն նրա հարվածը մի փոքր շեղ ընթացավ։
87-րդ րոպեին Արտակ Դաշյանը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո գլխավոր մրցավար Ռադե Օբրենովիչը, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, 11-մետրանոց նշանակեց Հայաստանի դարպասին։
11-մետրանոցի հաստատումից հետո կրքերը թեժացան, ինչի արդյունքում Հովհաննես Համբարձումյանը պատժվեց կարմիր քարտով և հեռացվեց դաշտից։
Ձեռքով խաղի համար երկրորդ դեղին քարտն ստացավ նաև Արտակ Դաշյանը, ով նույնպես հեռացվեց դաշտից։
11-մետրանոցը Ռոբի Բրեյդին դիպուկ իրացեց և 3:2 հաշվով հաղթանակ պարգևեց Իռլանդիային։
Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.
Ուկրաինա 0:0 Շոտլանդիա
B դիվիզիոնի 1-ին խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- Շոտլանդիա – 13 միավոր
- Ուկրաինա – 11 միավոր
- Իռլանդիա – 7 միավոր
- Հայաստան – 3 միավոր
Այսպիսով, Հայաստանի հավաքականը դուրս մնաց B դիվիզիոնից և մրցաշարի հաջորդ խաղարկությունում հանդես կգա C դիվիզիոնում։
Շոտլանդիայի հավաքականն էլ նվաճեց A դիվիզիոնի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Արտակ Դաշյան, Էդուարդ Սպերցյան, Իռլանդիա-Հայաստան, Իռլանդիայի հավաքական, Հայաստանի-հավաքական, Հովհաննես-Համբարձումյան