Դոնարուման մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն. մանրամասներ են հայտնի դարձել
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբը «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո այժմ էլ աշխատում է Դոնարումայի ուղղությամբ։
Աղբյուրի փոխանցմամբ` իտալացի դարպասապահն ու «Պարի Սեն-Ժերմենի» ներկայացուցիչները հասել են սկզբունքային համաձայնության, իսկ կողմերի միջև կնքվելու է 5 տարվա պայմանագիր
Հաղորդվում է նաև, որ 22-ամյա դարպասապահը նոր ակումբում տարեկան ստանալու է 12 մլն եվրո աշխատավարձ։
ՊՍԺ-ն այժմ անում է ամեն ինչ, որպեսզի գործարքն ավարտին հասցվելուց հետո դարպասապահն ակումբի համար բուժզննում անցնի Իտալիայի հավաքականի ճամբարում, որտեղ Դոնարուման նախապատրաստվում է Եվրո-2020-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» նույնպես հետաքրքրված են Դոնարումայի ծառայություններով, սակայն այդպես էլ որևէ պաշտոնական առաջարկ չի եղել այդ ակումբների կողմից, քանի որ նրանց հիմնական դարպասապահներ Մարկ-Անդրե Տեր Շտեգենն ու Վոյցեխ Շյեսնկն չեն հեռանալու։
Իտալացի դարպասապահը ՊՍԺ է տեղափոխվելու անվճար, քանի որ սույն թվականի հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ։
Հիշեցնենք, որ Ջանլուիջի Դոնարուման «Միլանի» սան է, որի համակարգում հանդես է գալիս 2013 թվականից սկսած և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 251 հանդիպում` 88 անգամ դարպասը պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Միլան, ՊՍԺ, Ջանլուիջի Դոնարումա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո