Դեպայը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի
«Լիոնի» ղեկավարությունը նոր պայմանագրի հարցում չի կարողանում համաձայնության հասնել ակումբի հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ։ Ինչպես տեղեկացնում է Calciomercato.com-ը, 26-ամյա ֆուտբոլիստը դիտարկում է բացվելիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբային գրանցումը փոխելու տարբերակը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դեպային ձեռք բերելու հիմնական թեկնախուները «Միլանն» ու «Էվերտոնն» են։ Միլանյան ակումբն արդեն քանի ամիս է հետևում է հոլանդացի հարձակվողին և պատրաստ է բանակցություններ սկսել խաղացողի ներկայացուցիչների հետ։
Դեպայը ֆրանսիական ակումբի գույները պաշտպանում է 2017 թվականինց, իսկ նրա գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ մրցաշրջանում։ «Լիոնի» ղեկավարները պատրաստ են նրան վաճառել 30 մլն եվրոյի դիմաց։ Նշենք, որ Մեմֆիսն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 14 գոլի հեղինակ։ Հիշեցնենք, որ հոլանդացի ֆուտբոլիստը նախորդ տարվա դեկտեմբերին կտրել էր ծնկի խաչաձև կապանները՝ բաց թողնելով մրցաշրջանի մնացած հատվածը։
# Էվերտոն, Լիոն, Մեմֆիս Դեպայ, Միլան, տրանսֆերներ