Դանիական հեքիաթը շարունակվում է! սկանդինավները լարված պայքարում դուրս եկան կիսաեզրափակիչ🎥
Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում Դանիայի հավաքականը մրցեց Չեխիայի ընտրանու դեմ։
Հանդիպումը կարել է ասել, ոը անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 5-րդ րոպեին Դանիայի հավաքականը բացեց խաղի հաշիվը. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Թոմաս Դիլեյնին։
Ոգևորված ձեռքվերածով` սկանդինավյան հավաքականը կարող էր կրկնապատկել հաշվկ տարբերությունը. հարվածային դիրքում էր հայտնվել Միկել Դամսգորը, սակայն վերջինիս հարվածը նպաստավոր դիրքից հաջող չստացվեց, և Չեխիայի պաշտպանները հեռացրին գնդակը։
Այդ դրվագից հետո խաղային նախաձեռնությունը մասամբ անցավ չեխերի ձեռքը, իսկ Կասպեր Հյուլմանի սաներն սկսեցին շեշտը դնել հակագրոհների վրա։
Այդպիսի հակագրոհներից մեկի արդյունքում էլ Դանիայի հավաքականը 42-րդ րոպեին կրկնապատկեց իր առավելությունը. ձախ եզրով զարգացած գրոհից հետո Յոաքիմ Մելյեն հարվածային դիրք դուրս բերեց Կասպեր Դոլբերգին, ով էլ հաշիվը դարձրեց 2:0։
Կողմերն ընդմիջման գնացին դանիացիների երկու գնդակի առավելությամբ։
Երկրորդ խաղակեսը Յարոսլավ Շիլհավիի սաները մեկնարկեցին կերպարանափոխված և 49-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեցին. Վլադիմիր Ցոուֆալի փոխանցումից հետո աչքի ընկավ Պատրիկ Շիկը։
Հավելենք, որ 25-ամյա հարձակվողն ընթացիկ Եվրոպայի առաջնության շրջանակում խփեց իր 5-րդ գոլը և լավագույն ռմվարկուների պայքարում հավասարվեց ցուցակը գլխավորող Կրիշտիանու Ռոնալդուին։
Խփած գոլից հետո էլ չեխերը շարունակում էին ճնշում գործադրել մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն, ինչ-որ պահից սկսած, Դանիայի հավաքականը հավասարեցրեց խաղը։
Հյուլմանը մի շարք փոփոխություններ կատարեց, որոնց շնորհիվ Դանիայի հավաքականը կրկին ակտիվացավ և խաղի նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը։
69-րդ րոպեին հարվածային դիրքում էր հայտնվել Յուսուֆ Պոուլսենը, սակայն նրա հարվածը թույլ ստացվեց, ինչից հետո Չեխիայի հավաքականի դարպասապահ Տոմաշ Վացլիկը որսաց գնդակը։
Չեխիայի հավաքականը, հասկանալով, որ այլևս կորցնելու բան չունի, փորձում էր ամեն կերպ բեկել դիմակայության ընթացքը, սակայն բանը չէր հասնում իրական գոլային պահերին։
78-րդ րոպեին Պոուլսենը կարող էր հանել այս հանդիպման հաղթողի վերաբերյալ բոլոր կասկածները, սակայն վերջինիս կատարած ընթացքից հարվածից հետո Վացլիկը գեղեցիկ ցատկով փրկեց իր թիմին։
82-րդ րոպեին Վացլիկը ևս մեկ անգամ հերոսացավ ու Չեխիայի հավաքականին պահեց խաղի մեջ. այս անգամ էլ հարվածային դիրքում էր Յոաքիմ Մելյեն, բայց նրա` սուր անկյունից կատարած հարվածը հաջող չստացվեց։
Ամեն դեպքում, այս խաղում այլևս գոլեր չտեսանք, և Դանիայի հավաքականը լարված պայքարում հաղթեց 2:1 հաշվով` նվաճելով Եվրո-2020-ի կիսաեզրափակչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Թոմաս Դիլեյնի, Կասպեր Հյուլման, Կասպեր-Դոլբերգ, Յարոսլավ Շիլհավի, Յոաքիմ Մեհլե, Չեխիայի հավաքական, Պատրիկ Շիկ