Ռոբենը երկար դադարից հետո վերադարձել է խաղադաշտ
Հոլանդական Էրեդիվիզիայի 29-րդ տուրի շրջանակում «Գրոնինգենը» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվել է «Հերենվենին»։
Արյեն Ռոբենը, ով հանդես է գալիս «Գրոնինգենի» կազմում, այդ խաղում փոխարինման է դուրս եկել հանդիպման 78-րդ րոպեին։
37-ամյա ֆուտբոլիստը երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից և 2020 թվականի հոկտեմբերից ի վեր անցկացնում է իր առաջին հանդիպումը։ Ռոբենը վերջին անգամ դաշտ էր դուրս եկել 2020 թվականի հոկտեմբերի 18-ին Էրեդիվիզիայի 5-րդ տուրի շրջանակում «Ուտրեխտի» դեմ կայցած խաղում։
Հիշեցնենք, որ Արյեն Ռոբենը 2019 թվականի ամռանը հեռացավ «Բավարիայից»՝ հայտարարելով պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, սակայն 2020 թվականի ամռանը պայմանագիր կնքեց «Գրոնինգենի» հետ, որը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոբենը Էրեդիվիզիայի շրջանակում անցկացրել է 3 հանդիպում, սակայն աչքի չի ընկել արդյուավետ գործողություններով։
Հավելենք, որ Ռոբենը «Գրոնինգենում» խաղալու փորձ արդեն ունի․ նա ակումբի կազմում հանդես է եկել նաև 1996-2002 թթ․, ինչից հետո 4․30 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է ՊՍՎ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արյեն Ռոբեն, Բավարիա, Գրոնինգեն, Էրեդիվիզիա, Ուտրեխտ