«Գրիզմանկանտե🤔». Պոլ Պոգբայի գրառումը` նվիրված Անտուան Գրիզմանին 📸
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Մարոկկոյին` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
«Եռագույնների» կազմից հերթական հիանալի հանդիպումն անցկացրեց Անտուան Գրիզմանը, ով, ճիշտ է, աչքի չընկավ արդյունավետ գործողություններով, սակայն դաշտում գրեթե ամենուր էր` բազմիցս օգնելով իր թիմին։
31-ամյա ֆուտբոլիստը ոչ միայն հարձակվողական գործողություններով աչքի ընկավ, այլև հիանալի պաշտպանվեց։
Գրիզմանը հանդիպման ընթացքում 3 անգամ գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից, 2-ական անգամ կատարել է գնդակի խլում և կասեցրել մրցակցի գրոհը, ինչպես նաև 1 անգամ փակել է Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստի հարվածը։
Բացի դրանից, Գրիզմանը կատարել է նաև 4 առանցքային փոխանցում, մրցակիցները նրա նկատմամբ 4 անգամ կանոնների խատում են թույլ տվել, 10 դիրքային մենապայքարներից 6-ն ավարտել է հաղթանակով, ինչպես նաև ստեղծել է 1 իրական գոլային պահ։
Հանդիպումից հետո Գրիզմանի վերաբերյալ իր հիացմունքն է արտահայտել Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով վնասվածքի պատճառով բաց է թողնում ընթացիկ մունդիալը։
Պոգբան Instagtam-ի իր էջի stories բաժնում գրառում է կատարել` գրելով հետևյալը.
«Գրիզմանկանտե 🤔»։
29-ամյա կիսապաշտպանն Անտուան Գրիզմանին նույնականացրել է Ֆրանսիայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի` Նգոլո Կանտեի հետ, ում հանդիպումների ընթացքում նույնպես դաշտում կարելի է տեսնել գրեթե ամենուր։
Նշենք, որ Կանտեն նույնպես վնասվածքի պատճառով բաց է թողնում ԱԱ-2022-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Անտուան-Գրիզման, Աշխարհի առաջնություն, Մունդիալ-2022, Նգոլո Կանտե, Պոլ-Պոգբա, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական