Գրիգորյան. «Մենք հստակ նպատակ ունենք. հաղթել ու  ուրախացնել երկրպագուներին»

Գրիգորյան. «Մենք հստակ նպատակ ունենք. հաղթել ու ուրախացնել երկրպագուներին»

27/06/2021 - 18:49

Արտակ Գրիգորյանը հայկական ֆուտբոլում անգնահատելի կերպար է. իսկական մարտիկ, ով դաշտում պատրաստ է տալ ամեն ինչ, միայն թե իր թիմը կամ հավաքականը հաղթանակ տոնի։

Interfootball-ի թղթակից Հայկ Զաքարյանը զրուցել է «Ալաշկերտի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպայի հետ, որն էլ այժմ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Ի՞նչ մարզավիճակում եք ներկա պահին գտնվում. ինչպե՞ս եք այն պահում

– Հավաքականի խաղերից հետո 10 օր մեկնեցի հանգստի, վերականգնվեցի,բայց այդ ժամանակ թիմը հունիսի 11-ից սկսել էր մարզումները։ Ես թիմին միացա ամսի 19-ին։

Ներկա պահին ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Հանքավանում։ Արդեն բավական լավ մարզավիճակում եմ գտնվում ու պատրաստ եմ թիմին օգնել լրիվ ուժով։

– «Ալաշկերտը» Ալեքսանդր Գրիգորյանի օրոք ամրագրեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Ի՞նչ տվեց թիմին կամ ի՞նչ փոխեց Գրիգորյանը, որ ընդամենը 3 խաղ գլխավորած մարզիչը կարողացավ թիմին տանել դեպի չեմպիոնություն։

– Ընդհանուր առմամբ, ես Գրիգորյանին այդքան էլ լավ չէի ճանաչում։ Պարզապես իմացել եմ, որ հենց նա է միանալու թիմին։ Իհարկե, զրուցել ենք միմյանց հետ և հասկացել, թե տվյալ պահին ինչ է պետք թիմին, որպեսզի կարողանանք դուրս գալ ծանր դրությունից։

Մեկ բան կարող եմ ասել,որ այդ երեք հաղթանակը հիմնականում կապված էր տղաների տրամադրվածության, մոտիվացիայի հետ։ Մարզչի փոփոխությունն էլ, իհարկե, նպաստեց, և բոլորս գիտենք, որ երբ մարզիչ է փոխվում, ֆուտբոլիստներն սկսում են իրենց ավելի լավ դրսևորել, որ նոր մարզչի մոտ կարողանան իրենց ունակությունները բացահայտեն։

Այդ երեք խաղերի ընթացքում Ալեքսանդր Գրիգորյանի հետ ընդհանուր մարզումներ էլ չէինք անցկացրել. հիմնականում եղել էին վերականգնողական մարզումներ։

Ներկա պահին 1 շաբաթ է արդեն հավաք ենք անցկացնում և շատ ինտենսիվ մարզումներ ենք անցկացնում։ Արդեն երկու ընկերական հանդիպում ենք անցկացրել և պատրաստվում ենք ամսի 29-ին ևս մեկ ընկերականի` «Սևանի» դեմ։

Կարող եմ ասել, որ թիմի մթնոլորտն էլ նորմալ է, և բոլորը նրան ընդունում են շատ լավ` հասկանալով նաև, որ բարդ ճանապարհ ունենք անցնելու։

Ինչպե՞ս է «Ալաշկերտը» պատրաստվում Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Կոննաս-Կի Նոմադսի» դեմ հանդիպմանը

– Թիմը շատ մարտական է պատրաստվում։ Թիմում կան շատ փորձառու ֆուտբոլիստներ, և բոլորս հասկանում ենք, որ նման շանս, հնարավոր է, այլևս չլինի ֆուտբոլային կարիերայում, որ կարող ես ինչ-որ եվրագավաթային մրցաշարի խմբային փուլ հասնես, այդ պատճառով էլ շատ լավ պատրաստվում ենք և ծանրաբեռնված մարզումներ ենք անցկացնում։

Մրցակցի մասնակցությամբ արդեն երկու հանդիպման տեսանյութ ենք դիտել և վերլուծում ենք, թե ինչպես են խաղում։ Նրանք ունեն բարձրահասակ, փորձառու ֆուտբոլիստներ, հիմնականում խաղում են երկար փոխանցումներով։

Հեշտ հանդիպումներ չեն լինելու մեզ համար, որովհետև նրանք չեմպիոն դարձած թիմ ունեն, և մասնակցում ենք մի մրցաշարի, որտեղ բոլոր առաջնությունների չեմպիոններն են խաղում և էական չէ` Ուելսի չեմպիոնն է, թե մեկ այլ երկրի։

Հուսով ենք` այս արգելքը պատվով կհաղթահարենք։

Ի՞նչ փոփոխություններ եք նկատում հայկական ֆուտբոլում. ի՞նչ կցանկանայիք փոխվեր ներքին առաջնությունում։

– Հիմնական փոփոխությունը, որը նկատել եմ, այն է, որ երիտասարդ ֆուտբոլիստներին ակումնբերն ավելի շատ են հնարավորություն սկսել տալ։

Ես դա հավաքականի մրցելույթների հետ եմ կապում, և բոլորը տեսան, որ կապ չունի` հանդես ես գալիս Առաջին, թե Բարձրագույն խմբում, տվյալ ֆուտբոլիսն արդեն 30-ն անց է, թե 18 տարեկան է։

Այդ տեսանկյունից ակումբները միանշանակ սկսեցին ավելի շատ շանս տալ երիտասարդներին, ինչը շատ ոգևորիչ է, քանի որ այսօր բոլորն էլ ցանկանում են ինչ-որ լավ բան անել հայկական ֆուտբոլի համար, առաջնությունը հետաքրքրացնել, որպեսզի մեր ֆուտբոլիստներն էլ որքան հնարավոր է լավ ակումբներում հանդես գան։

Խոակին Կապառոսը, կարելի է ասել, օրինակ ծառայեց դրա համար

– Իհարկե, օրինակ ծառայեց, որովհետև նա շատ խաղերում կարևոր քայլ կատարեց, որը, կարծում եմ, որևէ այլ մարզիչ չէր անի։

Հայաստանի հավաքականը պատմական արդյունքներ գրանցեց նախորդ խաղերում և վստահ ենք, որ դրանք շարունակական են լինելու։ Երբևէ հավատացե՞լ եք, որ մեր հավաքականը նմանատիպ ֆուտբոլ կխաղա։

– Իհարկե։ Շատ ոգևորիչ և ուրախ օրեր ունեցանաք այդ 3 հաղթանակներից հետո` գումարած նաև Ազգերի լիգայում գրանցած հաջողությունը, պարզապես այդ ժամանակ այլ տրամադրվածությամբ էինք խաղում։

Կարող եմ ասել, որ այս հաղթանակներից հետո պետք չէ շատ ոգևորգել։ Այո՛, նման հաղթանակները շատ ոգևորիչ էին, սակայն պետք է կարողանաս ուրախությունը պահել, քանի որ ամենադժվարն ու վճռորոշը դեռ առջևում են։

Ես, իհարկե, ուրախ եմ, որ այդ ամենի միջով անցնել եմ։ Հուսով եմ` կկարողանանք անել ամեն ինչ, որպեսզի մեր երկրպագուներին կրկին ուրախացնենք ու մեր բաղձալի երազանքին կհասնենք։

Ի՞նչ փոխեց Խոակին Կապառոսը հավաքականի խաղում ու թիմի ներսում, որ արդյունքներն սպասեցնել չտվեցին։

– Կապառոսը հիմնականում փոխել է մեր տրամադրվածությունը։ Կապառոսի տակտիկական ու մասնագիտական փորձը, իր մեծությունը շատ լուրջ նշանակություն են ունեցել։

Թիմում բոլորը հանգիստ են ու առանց լարվածության, առանց ավելորդ կաշկանդվածության դուրս են գալիս դաշտ։ Կապառոսն այդ ամենը կարողացավ փոխել, ինչն էլ նրա փորձի շնորհիվ է։

Միանշանակ մարզչից կարելի է շատ օրինակներ վերցնել, թե նա ինչ տակտիկական փոփոխություններ կատարեց, ինչ տեսակի ֆուտբոլիստների օգտագործեց տարբեր խաղերում։

Այդ ամենը միանշանակ նկատելի է, բայց ես կառանձնացնեի Կապառոսի հանգստությունն ու վստահությունը, ինչը նա թիմին կարողանում է փոխանցել, սակայն չմոռանանք նաև մարզչական շտաբին` Խավիերին, Լուսիանոյին, Պաբլոյին, Չախալյանին, բժիշկներին։

Նրանք միասին հիանալի են աշխատում, և այդ ամենն էլ երևում է արդյունքների տեսքով։

Կարճ ասած` ամեն ինչ շատ լավ է կազմակերպված։

– Այո՛, ամեն ինչ շատ լավ է կազմակերպված` չհաշված տղաների այդ նվիրվածությունը չէր կարող չտալ իր արդյունքը։

Իրատեսակա՞ն եք համարում մեր հավաքականի` ԱԱ-2022-ի ուղեգիր նվաճելը

– Իրատեսական է այնքանով, որ մենք առաջին ամենադժվար քայլը կատարել ենք ու հաղթել ենք երեք խաղում, դրանից հետո գալիս է հաջորդ կարևոր քայլը` սեպտեմբերի ամսվա հանդիպումները, ինչից հետո նոր պարզ կլինի շատ բան։

Մենք հիմնականում խաղում ենք այդ բաղձալի նվաճմանը հասնելու համար, այսինքն, մենք չենք խաղում պարզապես խաղալու համար. մենք հստակ նպատակ ունենք, որպեսզի հաղթենք ու ուրախացնենք երկրպագուներին։

Բոլորը տեսան, թե այս վերջին հաղթանակներից հետո, ինչպես է հայ ազգն ուրախանում, այդ պատճառով մենք չենք կարող այդ ամենը մոռանալ և ցանկանում ենք կրկնապատկել նրանց ուրախությունը։

Արտակ, դուք հայկական ֆուտբոլի և Հայաստանի հավաքականի հնաբնակներից եք, սակայն այն քիչ ֆուտբոլիստներից եք, ով իր կարիերայի ընթացքում երբեք որևէ արտասահմանյան ակումբում չի խաղացել։ Ի՞նչն է դրա պատճառը. առաջարկներ չեն եղե՞լ, թե՞ դուք չեք ցանկացել։

– Առաջարկներ եղել են, բայց իրատեսկան չէին դրանք, այդ պատճառով էլ ես խաղացել եմ այնտեղ, որտեղից ռեալ առաջարկ եմ ստացել։

Ես միշտ նպատակ եմ ունեցել խաղալ ու զարգանալ և, իհարկե, շատ կուզենայի նաև ուժերս ավելի լավ առաջնությունում փորձել, բայց ես չեմ դժգոհում իմ անցած ճանապարհից, քանի որ ես հիմա քաղում եմ իմ արած աշխատանքի պտուղները, ինչն ինձ մասամբ գոհացնում և հանգստացնում է, քանի որ ես Հայաստանում երկար տարիներ աշխատել եմ, տանջվել եմ ու, ի վերջո, կարողացա հավաքականին իմ օգնությունը ցույց տալ։

Եվրոպական ո՞ր թոփ առաջնությունում կցանկանայիր հանդես գալ։

– Ես երբեք չեմ մտածել, թե կոնկրետ որտեղ եմ ցանկանում խաղալ։ Պետք է փորձել ու հասկանալ տվյալ առաջնությունում կարող ես խաղալ, թե ոչ։

Ներկա պահին հայ ֆուտբոլիստները բոլոր առաջնություններում էլ կարող են խաղալ, ինչպես, օրինակ, Վարազդատ Հարոյանը, ով տեղափոխվեց իսպանական առաջնություն, որը շատ հզոր է։

Հետևո՞ւմ եք Եվրո-2020-ին, ո՞ր հավաքականին եք ֆավորիտ համարում ու երկրպագում։

– Երբ նոր էր մեկնարկել մրցաշարը, գրեթե բոլոր հանդիպումները դիտել եմ, սակայն երբ սկսվեց ուսումնամարզական հավաքը, ժամանակս մի փոքր չի ներում, որպեսզի կարողանամ հանգիստ հետևել խաղերին, քանի որ հիմնականում զբաղված ենք լինում մարզումներով և առաջիկա մրցակցի ուսումնասիրությամբ։

Սակայն, ըստ ստացած առաջին տպավորությունների, Ֆրանսիայի հավաքականին եմ համարում ֆավորիտ, որը շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում։

Իտալիայի հավաքականին նույնպես կառանձնացնեմ։ Իտալացիները ներկա պահին ավելի ուժեղ տեսք ունեն, քան այն ժամանակ, երբ Հայաստանի հավաքականը նրանց դեմ հանդիպում անցկացրեց։

Ի՞նչ եք կարծում`ո՞վ է ձեր դիրքում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստը համաշխարհային մակարդակով։

– Անկեղծ, կդժվարանամ պատասխանել այդ հարցին, քանի որ վերջերս քիչ եմ ֆուտբոլ դիտում։

Վերջին հարցը. ի՞նչ կասեք Interdootball-ի մասին և ի՞նչ կմաղթեք մեզ։

– Իհարկե, Interfootball-ին շատ լավ հետևում եմ, ձեր կողմից արված վերլուծությունները շատ գրագետ են կատարվում։

Հավաքականի տղաներով երբ հավաքավում ենք, իհարկե, ձեզ նման մանրակրկիտ չենք վերլուծում խաղերը, մի քանի բառով քննարկում ենք անցնում ենք առաջ, բայց ձեր կատարած վերլուծությունները շատ կարևոր են ու ով ֆուտբոլից հասկանում է, իր համար ուսուցողական վերլուծություններ եք կատարում։

Ես շատ գոհ եմ, որ դուք թե՛ Հայաստանի , թե՛ եվրոպական առաջնությունները վերլուծում եք ու մատուցում մեր հանրությանը։ Ամեն ինչ շատ դրական է, ինչի համար շատ շնորհակալ եմ։

Հարցազրույցը վարեց Մոգը` Հայկ Զաքարյանը

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023