Գվարդիոլա. «Մի օր Ման. Սիթին դուրս կգա ՉԼ եզրափակիչ և կհաղթի այն»
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։
Հանդիպումից առաջ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր թիմը Մադրիդ է մեկնել` եզրափակիչ դուրս գալու համար.
«Նախորդ մրցաշրջանում մենք եկել էինք այստեղ` եզրափակիչ դուրս գալու նպատակով։ Մենք երկու խաղում էլ լավ խաղացինք, բայց դա բավարար չէր։
Այդուհանդերձ, ինչ տեղի է ունեցել, արդեն անցյալում է։ Մենք ռևանշի հասնելու համար չենք եկել այստեղ։ Սա պարզապես ևս մեկ հնարավորություն է։
Մի օր «Մանչեսթեր Սիթին» դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և կհաղթի այն, և մենք եկել ենք այստեղ` ընթացիկ մրցաշրջանում այդ նպատակին հասնելու համար։
Նախորդ մրցաշրջանում դա չստացվեց, քանի որ մենք հանդիպեցինք Մադրիդի «Ռեալին», որը հստակ գիտի, թե ինչ պետք է անել այս մրցաշարում, սակայն որքան շատ խաղանք նրանց կամ այլ թոփ ակումբների դեմ, այնքան ավելի մոտ կլինենք տիտղոսին»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը» 2021/22 մրցաշրջանում նույնպես հանդիպել էին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։ Այդ ժամանակ «արքայական» ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 6:5 հաշվով, իսկ հետագայում դարձավ մրցաշարի հաղթող` եզրափակիչում առավելության հասնելով նաև «Լիվերպուլի» նկատմամբ։
Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մայիսի 9-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ռեալ Մադրիդ