Գվարդիոլա․ «Բարսելոնային խորհուրդ կտամ քիչ խոսել մեր որակազրկման մասին»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի խոսքերը, ով գոհունակություն էր հայտնել ՈՒԵՖԱ-ի որոշումից։ Հիշեցնենք, որ վերջերս «Ման․ Սիթին» ֆինասական fair-play-ի կանոնները խախտելու պատճառով երկու տարով զրկվել է եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։
«Եթե «Բարսելոնայում» գոհ են մեր որակազրկումից, ապա նախագահ Բարտոմեոուին ես կասեմ․ «Նախ թույլ տվե՛ք որոշումը բողոքարկենք»։ Մենք կարծում ենք, որ մենք ճիշտ ենք և պատրաստվում ենք բողոքարկել այդ որոշումը միջազգային արբիտրաժային դատարանում։ Խորհուրդ կտամ «Բարսելոնային» քիչ խոսել մեր որակազրկման մասին․ բոլորն էլ հայտնվում են նման իրավիճակներում։ Մենք բողոքարկելու ենք որոշումը, և հուսով եմ, որ ապագայում «Բարսելոնային» կհանդիպենք Չեմպիոնների լիգայում»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Նշենք, որ CAS բողոք ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է փետրվարի 24-ին։
# Բարսելոնա, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա