Գործարքը կայացել է. Դեյլի Բլինդը տեղափոխվում է Բավարիա
«Այաքսի» նախկին պաշտպան Դեյլի Բլինդը, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 32-ամյա պաշտպանն ու մյունխենյան ակումբը հասել են վերջնական համաձայնության. կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է 6 ամսով, որն ուժի մեջ կլինի մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Սպասվում է, որ առաջիկա օրերին Բլինդը կմեկնի Մյունխեն և բուժզննում կանցնի «Բավարիայի» համար, ինչից հետո ակումբը պաշտոնապես կհայտարարի գործարքի մասին։
Նշվում է, որ հոլանդացի ֆուտբոլիստը փոխարինելու է Լյուկա Էրնանդեսին, ով ծնկի խաչաձև կապանների կտրվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 6-8 ամսով։
Ռոմանոն հայտնում է, որ Բլինդն առաջարկներ է ունեցել նաև բելգիական «Անտվերպենից» և «Ռեալ Սոսիեդասից», սակայն «Բավարիայի» առաջարկն ստանալուց հետո անմիջապես ընդունել է այն։
Հավելենք, որ Դեյլի Բլինդն «Այաքսի» կազմում հանդես է եկել 2009-14 և 2018-22 թթ.` անցկացրած 333 խաղում դառնալով 13 գոլի և 21 գոլի հեղինակ։
Հոլանդացի ֆուտբոլիստը խաղացել է նաև «Գրոնինգենի» (2010 թ. հունվար – հուլիս, 19 հանդիպում, 1 գոլային փոխանցում) և «Մանչեսթեր Յունայթեդի» (2014-18 թթ., 141 հանդիպում, 6 գոլ և 10 գոլային փոխանցում) կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Բավարիա, Հոլանդիայի հավաքական, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո