Գործարքը կայացած է. Ֆելիքսը կհամալրի անգլիական գրանդի կազմը
Մադրիդի «Ատլետիկոյի» վինգեր Ժոաու Ֆելիքսը կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ 24-ամյա ֆուտբոլիստն այսօր` օգոստոսի 20-ին, կմեկնի Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի և «ազնվականների» հետ մինչև 2030 թ. հունիսի 30-ը կստորագրի պայմանագիր։ Այն ունենալու է ևս մեկ տարով երկարաձվելու հնարավորություն։
Այդ գործարքի շրջանակում «Ատլետիկո» կտեղափոխվի «Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալահերը։ Մադրիդյան ակումբն ավելի վաղ էր ավարտին հասցրել ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի տրանսֆերը, սակայն գործարքը մոտ էր ձախողման։
Բանն այն է, որ Գալահերի գործարքի շրջանակում 40 մլն եվրոյով «Ատլետիկոյից» «Չելսի» պետք է տեղափոխվեր մադրիդյան գրանդի հարձակվող Սամու Օմորոդիոնը։
Կողմերը նույնիսկ փոխանակվել էին անհրաժեշտ փաստաթղթերով, Գալահերը երեք օր եղել է Մադրիդում, սակայն Օմորոդիոնի տեղափոխությսւնը չկայացավ, իսկ անգլիացի ֆուտբոլիստը վերադարձավ Լոնդոն։
Այժմ «Չելսին» ու «Ատլետիկոն» Գալահերի տրանսֆերի շուրջ ստեղծված խնդիրը լուծեցին Ժոաու Ֆելիքսի միջոցով։
Ռոմանոն հաստատում է, որ 24-ամյա Գալահերի տրանսֆերի դիմաց «հնդկացիները» «թոշակառուներին» վճարելու են 42 մլն եվրո։ Նա արդեն բուժզննում է անցել «Ատլետիկոյի» համար և շուտով կվերադառնա Մադրիդ։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան X-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ «Չելսին» Ֆելիքսի տեղափոխության համար վճարելու է 40 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Ֆելիքսը 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով արդեն հանդես է եկել «Չելսիում»` 20 խաղում խփելով 4 գոլ։ Նա «Ատլետիկո» է տեղափոխվել 2019 թ. ամռանը։ Մադրիդյան ակումբը նրա տեղափոխության համար «Բենֆիկային» վճարել է 127 մլն եվրո։ Այդ գործարքն իսպանական գրանդի պատմության ամենաթանկ տրանսֆերն է։ Պորտուգալացի վինգերն «Ատլետիկոյում» 131 խաղում խփել է 34 գոլ, կատարել 18 արդյունավետ փոխանցում։
24-ամյա Կոնոր Գալահերը «Չելսիի» մարզադպրոցի սան է, որի հիմնական թիմում 95 խաղում աչքի է ընկել 10 գոլով ու 10 ասիստով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Ատլետիկո Մադրիդ, Ժոաո Ֆելիշ, Ժոաու Ֆելիքս, Լա-լիգա, Կոնոր Գալահեր, Չելսի, տրանսֆերներ