Գործարքը կայացած է. Քրիստիան Էրիկսենը տեղափոխվում է Ման. Յունայթեդ
Անվանի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, անցնող օրերին կողմերն ակտիվ բանակցություններ են վարել` հասնելով վերջնական համաձայնության։
Աղբյուրի փոխանցմամբ` Էրիկսենը, ով ներկա պահին ազատ գործակալի կարգավիճակում է, «կարմիր սատանաների» հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Հաղորդվում է, որ կողմերի միջև բանակցություններում առանցքային դերակատարություն է ունեցել մանկունյական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, ով երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել 30-ամյա ֆուտբոլիստի հետ` ներկայացնելով «Յունայթեդի» սպորտային նախագիծը։
Նշվում է, որ Տեն Հագը, երբ դեռ մարզում էր «Այաքսը», դեռևս 2022 թ. հունվարից ցանկանում է աշխատել Էրիկսենի հետ և փորձել է նրան համոզել տեղափոխվել ամստերդամյան ակումբ։
Սպասվում է, որ դանիացի կիսապաշտպանն անցնող շաբաթվա ընթացքում կմեկնի Մանչեսթեր, բուժզննում կանցնի և ավարտին կհասցնի գործարքը։
Հավելենք, որ Քրիստիան Էրիկսենի վերջին ակումբը եղել է «Բրենթֆորդը», որի ղեկավարությունն արդեն տեղյակ է պահել իր «Յունայթեդ» տեղափոխության որոշման մասին։
«Մեղուները» նույնպես ցանկանում էին պայմանագիր կնքեին 30-ամայ ֆուտբոլիստի հետ, սակայն չկարողացան համաձայնության հասնել նրա հետ։
Էրիկսենը «Բրենթֆորդի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 11 հանդիպում` դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրենթֆորդ, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ, Քրիստիան-Էրիկսեն, Ֆաբրիցո Ռոմանո