Գործարքը կայացած է. Սանդրո Տոնալին տեղափոխվում է «Նյուքասլ»
«Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին կարիերան կշարունակի «Նյուքասլի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «կաչաղակները» «ռոսոներիներին» վճարելու են 70 մլն եվրո, որը նաև տարբեր հավելավճարներ է ներառելու։
«Միլանը» Տոնալիի հաջորդ վաճառքից ունենալու է նաև 10% մասնաբաժին։
23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2029 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կլինի 7 մլն եվրո։
Տոնալին ևս 2 մլն եվրո հետագայում կստանա հավելավճարի տեսքով։
Նշենք, որ այս գործարքը դառնալու է «Միլանի» պատմության ամենաթանկարժեք վաճառքը և կգրեզանցի Կակայի ռեկորդը, ում տրանսֆերի դիմաց «Ռեալ Մադրիդը» 2009 թ. ամռանը «ռոսոներիներին» վճարել է 67 մլն եվրո։
Բացի դրանից, Տոնալին կդառնա երբևէ ամենաթանկարժեք իտալացի ֆուտբոլիստը։
Երիտասարդ ֆուտբոլիստը կգրեզանցի Ջանլուիջի Բուֆոնի 22 տարվա վաղեմության ռեկորդը. 2001 թ. հուլիսին «Յուվենտուսը» «Պարմայից» նրան ձեռք բերեց 52,8 մլն եվրոյի դիմաց։
Ավելացնենք նաև, որ այս գործարքը կդառնա «Նյուքասլի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և կկրկնի Ալեքսանդր Իսակի ռեկորդը, ում դիմաց «կաչաղակները» 2022 թ. ամռանը «Ռեալի Սոսիեդադին» նույնպես վճարել են 70 մլն եվրո։
Հավելենք, որ Սանդրո Տոնալին «Միլանի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից` անցկացրած 130 խաղում դառնալով 7 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեքսանդր Իսակ, Կակա, Միլան, Նյուքասլ, Ջանլուիջի-Բուֆոն, Սանդրո Տոնալի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո