Գործարքը կայացած է. Սադիո Մանեն տեղափոխվում է Բավարիա
«Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեն կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, սենեգալցի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։
Աղբյուրի փոխանցմամբ` «Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչն անցնող ժամերին եղել է Անգլիայում և ակտիվ բանակցություններ վարել ինչպես «Լիվերպուլի», այնպես էլ Մանեի ներկայացուցիչների հետ, ինչն էլ տվել է իր արդյունքը։
Սպասվում է, որ մյունխենյան ակումբը 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Լիվերպուլին» կվճարի 32 մլն եվրո, որը, հավելավճարների տեսքով, հետագայում կարող է հասնել մինչև 40 միլիոն եվրոյի։
Մանեն շուտով կմեկնի Մյունխեն` բուժզննում անցնելու, ինչից հետո «Բավարիայի» հետ կնքելու է նախապես համաձայնեցված 3 տարվա պայմանագիրը։
Նշենք, որ Սադիո Մանեն «Լիվերպուլից» հեռանալու որոշումն անձամբ է կայացրել. նա դրա մասին բազմից ակնարկում էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալ Մադրիդից» կրած պարտությունից հետո (0:1)
Հիշեցնենք, սենեգալցի հարձակվողը «Լիվերպուլի» կազմում հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 269 հանդիպում` դառնալով 120 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լիվերպուլ, Սադիո-Մանե, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո