Գործարքը կայացած է. Ռադու Դրագուշինն ընտրեց Տոտենհեմը
«Ջենոայի» կենտրոնական պաշտպան Ռադու Դրագուշինը կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «խթաններն» իտալական ակումբին վճարելու են 25 մլն եվրո։
Այդ գումարին հետագայում ավելանալու է նաև 5 մլն եվրո հավելավճար։
Բացի այդ, գործարքում ներառվել է նաև «Տոտենհեմի» 23-ամյա աջ պաշտպան Ջեդ Սփենսը, ում «Ջենոան» վարձակալելու է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Վարձակալական պայմանագրում ներառվել է նաև 10 մլն եվրոյի դիմաց Սփենսի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավունք։
«Տոտենհեմը» կշարունակի վճարել Սփենսի աշխատավարձը, ինչը Դրագուշինի գործարքի մի մասն է։
Ինչպես արդեն հայտնել էինք, Ռադու Դրագուշինի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր նաև «Բավարիան», որը գործարքի հարցում «Ջենոյաին» արել էր գրեթե նույն առաջարկը, ինչ «Տոտենհեմը»։
Մյունխենյան ակումբը ռումինացի պաշտպանի դիմաց առաջարկել էր ֆիքսված 30 մլն եվրո գումար։
Ռումինացի ֆուտբոլիստը հունվարի 10-ին հայտնել է, որ ընդունում է «Տոտենհեմի» առաջարկը և արդեն այսօր կմեկնի Լոնդոն, որտեղ շուտով բուժզննում կանցնի «խթանների» համար։
«Տոտենհեմն» ու «Ջենոան» գործարքն ավարտին հասցնելու համար արդեն ստորագրել և փոխանակվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով։
Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին կողմերը պաշտոնապես կհայտարարեն կայացած գործարքի մասին։
Ընդ որում, ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ հունվարի 10-ին «Տոտենհեմն» անձնական պայմանագրի հարցում բարելավված առաջարկ է արել Դրագուշինին։
Կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2029 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը լինելու է 2,8 մլն եվրո։
Նախնական տեղեկություններով, եթե ռումինացի պաշտպանը տեղափոխվեր «Բավարիա», վաստակելու էր 2 մլն եվրո աշխատավարձ։
Հավելենք, որ Ռադու Դրագուշինը «Ջենոայի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 62 խաղում դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Ջեդ Սփենսին, ապա անգլիացի ֆուտբոլիստը «Տոտենհեմ» է տեղափոխվել 2022 թ. հուլիսին, որի կազմում անցկացրել է միայն 6 հանդիպում` միասին վերցրած դաշտում անցկացնելով ընդամենը 41 րոպե։
Ավելացնենք, որ այս ընթացքում երիտասարդ ֆուտբոլիստն արդեն երկու անգամ վարձավճարով հանդես է եկել այլ ակումբների` «Ռենի» և «Լիդսի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Նիկոլո Սկիրա, Ջեդ Սփենս, Ջենոա, Ռադու Դրագուշին, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո