Գործարքը կայացած է. ՊՍԺ-ն նոր գլխավոր մարզիչ կունենա
Ֆրանսիացի անվանի մասնագետ Քրիստոֆ Գալտյեն շուտով կդառնա ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչը։ Այդ մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ` փարիզյան ակումբը վերջնական համաձայնության է հասել ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկության հարցում։
Արգենտինացի մարզիչն ու նրա օգնականները հեռացման դիմաց կստանան 15 մլն եվրո փոխհատուցում։
Արդեն հայտնի է, որ Պոչետինոյին փոխարինելու է Քրիտոֆ Գալտյեն, ով 2021/22 մրցաշրջանի ընթացքում աշխատում էր «Նիցցայում», որն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ 55-ամյա մասնագետը հեռացել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
Հայտնի է նաև, որ Գալտյեին էլ «Նիցցայի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու է Լուսիեն Ֆավրը։
Սպասվում է, որ Գալտյեն ՊՍԺ-ի հետ պայմանագիրը կնքելու է «2+1» ձևաչափով, իսկ նրա աշխատավարձը կազմելու է տարեկան 5 մլն եվրո։
Հավելենք, որ, ըստ Goal-ի տեղեկությունների, Գալտյեի և «Նիցցայի» պայմանագրում կար հրաժարագնի կետ, որը եղել է 10 մլն եվրո, սակայն «Պարի Սեն-Ժերմենի» ներկայացուցիչներին հաջողվել է բանակցությունների արդյունքում էականորեն նվազեցնել այն։
Ակնկալվում է, որ փարիզյան ակումբը Քրիստոֆ Գալտյեին, որպես գլխավոր մարզիչ, կներկայացնի արդեն հաջորդ շաբաթվա սկզբին, քանի որ ՊՍԺ-ն մոտ օրերս պետք է սկսի 2022/23 մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքները։
Նշենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում 55-ամյա մասնագետի թեկնածությունն առաջադրել է ակումբի նոր ֆուտբոլային խորհրդական Լուիշ Կամպուշը, ով 2017-2020 թթ. «Լիլում» արդեն աշխատել է Գալտյեի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մաուրիսիո-Պոչետինո, Նիցցա, ՊՍԺ, տրանսֆերներ, Քրիստոֆ Գալտյե, Ֆաբրիցո Ռոմանո