Գործարքը կայացած է. Կեսիեն տեղափոխվելու է Բարսելոնա

Գործարքը կայացած է. Կեսիեն տեղափոխվելու է Բարսելոնա

22/03/2022 - 18:11

«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կատալոնական ակումբն ավարտին է հասցրել իվուարցի ֆուտբոլիստի տրանսֆերը։

«Բլաուգրանան» 25-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2022/23 մրցաշրջանից։

Սպասվում է, որ Կեսիեի տարեկան աշխատավարձը կկազմի 6.5 մլն եվրո, որը հետագայում կարող է հասնել մինչև 7 մլն եվրո։

Ֆրանկ Կեսիեն անցնող օրերին Շվեյցարիայի Լուգանո քաղաքում արդեն բուժզննում է անցել կատալոնական ակումբի համար։

Հաղորդվում է, որ իվուարցի ֆուտբոլիստի ընտրության հարցում լուրջ դերակատարություն է ունեցել այն հանգամանքը, որ նա ցանկանում է աշխատել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավիի հետ, ով նրա հետ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել։

Նշենք, որ Ֆրանկ Կեսիեի ու «Միլանի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, ինչից հետո նա «Բարսելոնայի» շարքերը կհամալրի անվճար։

Հիշեցնենք, որ Ֆրանկ Կեսիեն «ռոսոներիների» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 214 հանդիպում` դառնալով 36 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023