Գործարքը կայացած է. Կարիմ Բենզեման տեղափոխվում է Ալ Իթիհադ
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադ» ակումբ։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։
Աղբյուրի փոխանցմամբ` 35-ամյա ֆուտբոլիստը գործարքն ավարտին հասցնելու համար արդեն ստորագրել է նախատեսված փաստաթղթերի հիմնական մասը։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Նշվում է, Բենզեման նոր ակումբի կազմում վաստակելու է տարեկան 200 մլն եվրո աշխատավարձ, որը ներառելու է նաև տարբեր հավելավճարներն ու կոմերցիոն պայմանագրերից ստացված եկամուտները։
Հունիսի 6-ին ֆրանսիացի հարձակվողը հրաժեշտ կտա «Ռեալի» ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին, ղեկավարությանը և երկրպագուներին, ինչից հետո կմեկնի Սաուդյան Արաբիա։
Հավելենք, որ «Ալ Իթիհադն» ավարտված մրցաշրջանում վաստակել է 72 միավոր և դարձել Սաուդյան Արաբիայի Պրեմեր լիգայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես հանդես է գալիս սաուդարաբական ակումբի կազմում և պաշտպանում է «Ալ Նասրի» գույները։
Ավելացնենք, որ Կարիմ Բենզեման «Ռեալի» կազմում հանդես էր գալիս 2009 թ. հուլիսից` անցկացրած 648 խաղում դառնալով 354 գոլի և 165 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Իթիհադ, Լա-լիգա, Կարիմ-Բենզեմա, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռեալ Մադրիդ, Սաուդյան Արաբիայի առաջնություն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո