Գործարքը կայացած է. Իլկայ Գյունդողանը վերադառնում է Ման. Սիթի
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը վերադառնալու է «Մանչեսթեր Սիթի»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Անգլիայի չեմպիոնը 33-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության է հասել։ Կողմերը պայմանագիրը կնքելու են «1+1» ձևաչափով։
«Բլաուգրանան» թույլ է տալու Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ավագին հեռանալ անվճար` ֆինանսական վիճակը բարելավելու և աշխատավարձի բյուջեն թեթևացնելու համար։ Բացի այդ, կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզիչ Հասնի Ֆլիկը հույսեր չի կապում կիսապաշտպանի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Գյունդողանից ցանկանում է բաժանվել նաև թիմի նորեկ Դանի Օլմոյին գրանցելու համար։ Կային տեղեկություններ նաև, որ գերմանացի ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ է վաստակում։
Ռոմանոն հաստատում է, որ Գյունդողանի վերադարձին «Մանչեսթեր Սիթի» մեծապես նպաստել է ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, որը նրա տաղանդի մեծ երկրպագուն է։ 53-ամյա մասնագետը նախորդ մրցաշրջանում բազմիցս նշել է, որ «քաղաքաբնակներին» այդպես էլ չէր հաջողվել լիարժեք փոխարինել Գյունդողանին։
Հիշեցնենք, որ Իլկայ Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 2016-2023 թթ.` 304 խաղում դառնալով 60 գոլի ու 38 գոլային փոխանցման հեղինակ։ Նա 2021 թկավականից պարբերաբար եղել է մանկունյական ակումբի ավագը, իսկ 2022/23 մրցաշրջանում նշանակվել է թևկապի հիմնական կրող։
Գյունդողանը 2023 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց «Բարսելոնա», որի կազմում մասնակցել է 51 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 14 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Իլկայ Գյունդողան, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո