Գործարքը կայացած է. Գրեհեմ Փոթերը կգլխավորի Չելսին
Գրեհեմ Փոթերը, ով ներկայումս գլխավորում է «Բրայթոնը», շուտով կդառնա «Չելսիի» գլխավոր մարզիչը։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ազնվականները» վերջնական համաձայնության են հասել 47-ամյա մասնագետի հետ։
Ակնկալվում է, որ կողմերի միջև կկնքվի երկարաժամկետ պայմանագիր, սակայն դրա մանրամասները չեն հաղորդվում։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը նոր սեփականատեր Թոդ Բոուելին, նախքան Թոմաս Տուխելին պաշտոնանկ անելը, մանրակրկիտ ուսումնասիրել է Գրեհեմ Փոթերի գաղափարները, ինչի արդյունքում էլ որոշել է 65 մլն եվրոյի դիմաց «Բրայթոնից» գնել Մարկ Կուկուրելիային։
Հաղորդվում է, որ անցնող օրվա ընթացքում բազմաթիվ մասնագետներ «Չելսիին» առաջարկել են իրենց ծառայությունները, սակայն «ազնվականները» ցանկացել են համագործակցել միայն Փոթերի հետ։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների էլ` Գրեհեմ Փոթփրի դիմաց «Բրայթոնին» վճարելու է 16 մլն եվրո հրաժարագին։
Հավելենք, որ 47-ամյա մասնագետը «ճայերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 2019 թ. մայիսին։ Ակումբը նրա գլխավորությամբ անցկացրել է 134 հանդիպում` տոնելով 43 հաղթանակ, նույնքան հանդիպում ավարտել է ոչ-ոքի և կրել 48 պարտություն։
Նշենք, որ Գրեհեմ Փոթերը, բացի «Բրայթոնից», մարզել է նաև շվեդական «Էստերսունդը» (2011-18 թթ.) և Չեմպիոնշիփը ներկայացնող «Սուոնսի Սիթին» (2018-19 թթ.)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրայթոն, Գրեհեմ Փոթեր, Թոդ Բոուլ, Թոմաս ՏՈւխել, Մարկ Կուկուրելիա, Չելսի, տրանսֆերներ